Իշխանությունը պետք է մտածի մոտակա ժամանակահատվածում նոր ընտրություններ կազմակերպելու մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։

-Պարոն Մեհրաբյան, նախորդ շաբաթ բավականին թեժ մթնոլորտում ընդունվեց կառավարության ծրագիրը։ Խորհրդարանում տեղի ունեցածի վերաբերյալ ի՞նչ դիտարկումներ ունեք։

-Ծրագրի շուրջ քննարկումները թեժ էին, բայց այդ թեժությունը կապ չուներ ծրագրի հետ։ Այդ թեժությունը պայմանավորված էր ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների անպատասխանատու, լկտի և շատ դեպքերում նաև մարդկային առումով նորմալ վարքի սահմաններից դուրս պահվածքով։

Նաև՝ մյուս կողմից ուղեկցվում էր իշխանական պատգամավորների կողմից նման պահվածքը զսպելու փոխարեն ավելի հրահրող քայլերով; Դա ընդհանուր առմամբ բերեց այն ամենին, ինչին բերեց։ Բայց ես այնուամենայնիվ տեսնում եմ, որ այս ամենի հեղինակը ընդդիմադիրներն էին։ Ընդ որում՝ մարդիկ, որոնք ոչ միայն այդ դահլիճում էին գտնվում, այլ այդ դահլիճում գտնվողների քաղաքական հայրիկների կողմից էր հրահրվում։

-Նման մթնոլորտում խորհրդարանը երկար կյանք կարո՞ղ է ունենալ։

-Կարող է և ունենալ։ Դա խիստ բացասական ազդեցություն կունենա նաև իշխանության վրա։ Այն, որ այսօրվա ընդդիմությունն ինքն իրեն հավասարեցրել է զրոյի՝ դա պարզ է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ նա նույն բանն ուզում է անել իշխանության հետ։ Եվ իշխանությունը պետք է մտածի, թե որքան դա կարող է շարունակվել։

-Ի՞նչ կարող է անել իշխանությունը։

-Իշխանությունը պետք է մտածի մոտակա ժամկետներում նոր ընտրություններ կազմակերպելու մասին։ Բայց պարզ է, որ դա միայն մտածելով չէ։ Իշխանությունը պետք է ամբողջությամբ մաքրի դատական համակարգը, պետական ապարատը, քրեական գործերը բերի տրամաբանական ավարտին։ Շատ մարդիկ, որոնք այսօր պատգամավորական աթոռ են զբաղեցնում, պետք է հայտնվեն մեղադրյալի աթոռին։

Այդ ամենը պետք է ուղեկցվի բազմաթիվ հետևողական ու նպատակային գործողություններով։ Ընդ որում՝ գործողություններ, որոնք ուղղակիորեն բխում են իշխանության նախընտրական ծրագրերից, իշխանության խոստումներից։

-Կարծում եք՝ նոր ընտրությունները խորհրդարանի պատկերը կփոխե՞ն։

-Իհարկե։

-Այսինքն՝ ռևանշիստները չե՞ն անցնի խորհրդարան։

-Իհարկե ոչ։ Նայեք ովքեր են այնտեղ։ Ամեն մեկից մի քանի քրեական գործ է ծաղկեփունջի նման կախված։

Оставьте комментарий