Լավրովը՝ Բաքվի խոսնակի խղճուկ դերում

Հայկական զլմ-ները վերնագրեր են դրել՝ Լավրովը կոչ է արել Բաքվին առանց նախապայմանների ազատ արձակել հայ գերիներին։ Լավրովն իսկապես նման կոչ է արել, բայց միանգամից էլ հայկական կողմին կոչ արել հանձնել ականապատ տարածքների քարտեզները։ Ինչո՞վ նախապայման չէ։

Լավրովը հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսին պնդել է Բաքվի դիրքորոշումը․ «նոյեմբերի 9-ի փաստաթղթում խոսք էր գնում այն ռազմագերիների մասին, որոնք գերության մեջ էին գտնվում այդ պահին։ Այսօր ադրբեջանցիները մեծամասամբ պահում են հայ ռազմագերիների այն խմբերին, որոնք այնտեղ էին հայտնվել նոյեմբերի վերջին՝ այն բանից հետո, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ուժի մեջ էր մտել»։

Խոսքը Հադրութի շրջանի հայկական վերահսկողության տակ մնացած Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի մասին է, որտեղ գերեվարվել են հայ զինծառայողները։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունում, ի տարբերություն այլ շրջանների, գրված չէր, որ հայկական զորքը պետք է դուրս բերվի այդ գյուղերից։ Այսինքն, հայ զինվորականներն այնտեղ էին գտնվում համաձայն այդ փաստաթղթի։ Թե ինչ բանավոր կամ թաքուն պայմանավորվածություններ կարող են եղած լինել՝ այլ հարց է, այդ դեպքում խնդիրը կարող էր նաեւ այլ կերպ լուծվել։ Հայկական դիրքերի վրա հարձակումը եւ հայ զինվորականների գերեվարումը նոյեմբերի 9-ի հայտարարության խախտում էր, ընդ որում՝ ռուս խաղաղապահների որոշակի մասնակցությամբ։ Ավելացնենք Պեսկովի մեկնաբանությունը՝ դա ավելորդ խնդիր էր Կրեմլի համար։ Դրանով ամեն ինչ ասված է։

Оставьте комментарий