Անկախության օրով էլ են իրար գզում

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցությունը Արցախի անկախության օրվան ընդառաջ հայտարարություն է տարածել, որում նշված է մասնավորապես հետևյալը.

«Ցավով պետք է նշենք, որ վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ է, երբ Արցախը իր հանրապետության հռչակման օրը նշում է առանց հայաստանյան իշխանության բարձր ղեկավարության մասնակցության: Պետք է նշենք, որ առաջին անգամ է նաև, որ Արցախի իշխանությունները նույնպես չեն գտնվում իրենց բարձրության վրա: Առաջին անգամ է, որ պատգամավորներին հրավիրում են նիստի առանց խոսքի իրավունքի: Արցախի «Արդարություն» խմբակցությունն անընդունելի է համարում մասնակցել խորհրդարանական նման նիստի, որը, համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, չի կարող համարվել հատուկ նիստ, որտեղ չես կարողանալու քո դիրքորոշումը արտահայտել՝ ուստի Արցախի «Արդարություն» խմբակցությունը չի մասնակցելու այս նիստին»:

«ՉԻ». Նկատեցինք՝ Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին սատարած այս խմբակցության հայտարարությունը բավական խիստ քննադատության է արժանացել իշխանամերձ շրջանակների կողմից: Ասում են՝ ո՞վ է տեսել, որ քաղաքական ուժը նման դեմարշ անի, նման օրով, նման իրավիճակներում:

Ոմանք էլ գրել էին, թե Հայաստանի իշխանություններին քննադատելով ու մերժելով՝ ինչո՞ւ նույնկերպ չեք մերժումը Արցախին տրվող ֆինանսական օժանդակությունը և այլն:

Բանն այն է, որ «Արդարություն» խմբակցությունը հայտարարություն էր պատրաստել, որտեղ խիստ քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին, նշել նրանց ձախողումները և մտադիր է եղել այդ հայտարարությունը հնչեցնել Արցախի ԱԺ հատուկ հրավիրված նիստում:

Մեր տեսակետը Վիտալի Բալասանյանի վերաբերյալ բոլորին է հայտնի: Շատ հարցերում նրա տեսակետները չենք կիսում: Բայց մեզ համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է խորհդարանի նիստ հրավիրել ու խմբակցությանը խոսքի իրավունքից զրկել: Այսպիսի բան առաջին անգամ ենք լսում: Թե բա՝ նիստում քննադատելու էին Հայաստանի իշխանություններին: Թող քննադատեին, խորհրդարանական խմբակցություն է, իրավունք ունի քննադատել էլ, գովել էլ… խորհրդարանը հենց դրա համար է, որպեսզի դիրքորոշում հայտնեին: Այսինքն, եթե այդ դիրքորոշումը տհաճ է, պիտի խոսելու իրավունք չունենա՞: Ուրեմն, ցրեք խորհրդարանը, այն իմաստազրկվում է:

Կամ էլ՝ խորհրդարանական նիստ չհրավիրեիք, անունը դնեիք՝ սիրուն միջոցառում, հավաք՝ առանց հատուկ հրավերների, նման խնդիր չառաջանար: 

Մյուս կողմից՝ որ «Արդարություն» խմբակցությունը քննադատել է Հայաստանի իշխանություններին, դա իրենց իրավունքն է, բայց Հայաստանի իշխանություններին հեռացնելու կոչերն արդեն իրենց գործը չէ: Արցախից Հայաստանի ներքին գործերին միջամտելն արդեն տեսել ենք, թե ինչ աղետալի հետևանքներ է ունեցել: Բարի եղեք, սահմանափակվեք քննադատությամբ: 

Թեպետ Անկախության օրը նշելու սիրտ չկա, բայց նույնիսկ մի փոքր միջոցառում էլ չեն կարողանում մարդավարի կազմակերպել ու նշել: Ոչ Հայաստանի ու Արցախի իշխանությունները, ոչ էլ՝ ընդդիմությունները: Անկախության օրը միասնականության խորհրդանիշ էլ է համարվում, իսկ այս դեպքում՝ իրար գզելու: 

Оставьте комментарий