Ռուսաստանը Կովկասում իր իսկ փորած փոսի մեջ

Ինչու՞ է Փաշինյանին պետք Էրդողանը, օրերս իր հերթական հոդվածի վերնագրով հարց էր տալիս ռուսաստանցի հայտնի փորձագետ Ստանիսլավ Տարասովը, որն այդ հրապարակումով արտահայտում էր հարաբերության կարգավորման պատրաստակամության առնչությամբ հայ-թուրքական հայտարարությունների փոխանակման հանդեպ մտահոգությունը: Մտահոգությունն իհարկե Ռուսաստանի համար էր, ոչ անձնապես Տարասովի: Թե ինչու է այդ ամենը մտահոգիչ Ռուսաստանի համար, պարզ է թերևս առանց հեղինակավոր փորձագետի էլ:

Կովկասում Ռուսաստանի այսպես ասած վերջին հանգրվան մնացել է Հայաստանը: Հայաստանում Ռուսաստանի դիրքը ամուր է այնքան, քանի դեռ ամուր է թուրքական սպառնալիքը: Չկա այդ սպառնալիքը՝ սկսում է ՌԴ վերջի սկիզբը կամ գուցե նույնիսկ հենց վերջը՝ թե Հայաստանում, թե Կովկասում: Որովհետև, այդ թվում նաև ռուսական փորձագիտական միտքը՝ էլիտաների հետ ձեռք-ձեռքի տված, ռուսական քաղաքականությունը կառուցել է ոչ թե մրցունակության, այլ բացառապես կացնային պատժունակության տրամաբանության վրա: Այդ համատեքստում, Թուրքիան ՌԴ համար «պատժի փափուկ ուժ» է Հայաստանի և հայության հանդեպ, ներառյալ իհարկե Արցախը: Եվ, որպեսզի Թուրքիան կատարի այդ դերը, Ռուսաստանը պատրաստ է նաև ժամանակ առ ժամանակ Անկարային տալ ռեգիոնալ «բոնուսներ», այդ թվում նաև հենց նույն հայերի հաշվին:

Հարաբերություն կարգգավորելու վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի առաջին դեմքերի հայտարարությունները, որոնք ըստ էության նույնիսկ նախնական խմորում էլ դժվար է անվանել, գոնե առերևույթ, Ռուսաստանին հիմք են տալիս մտածելու, որ Անկարան կարող է և հանկարծ կանգ առնել ու շրջվել, համարելով, որ Ռուսաստանից ստացել է ստանալիքը, Ռուսաստանի հետ պայմանավորվածությամբ զբաղեցրել է Արցախի կեսն ու Կովկասի կեսից ավելին, իսկ մնացյալ կեսից Ռուսաստանին կարող է դուրս մղել հայերի հետ պայմանավորվածության արդյունքում:

Համենայնդեպս, Տարասովը փոխանակ հարցնելու, թե «Փաշինյանին ինչի համար է պետք Էրդողանը», գուցե հարցնի, թե «Էրդողանի՞ն ինչի համար է անհրաժեշտ Փաշինյանը» կամ Հայաստանի հանդեպ նկատելի ռեվերանսը: Բայց, այդ հարցը տալը թերևս կլինի այնքան հաճելի, որովհետև ռուսական քաղաքականության տրամաբանությունը կառուցվել է նաև հենց այն նպատակադրումով, որ Թուրքիային ռեգիոնում երբեք անհրաժեշտ չլինի Հայաստանը, կամ ավելի շուտ՝ Հայաստանը երբեք անհրաժեշտ չլինի այլ կարգավիճակով, քան զոհի: Հիմա հանկարծ Էրդողանը խոսում է այն մասին, որ Հայաստանը կարող է անհրաժեշտ լինել ոչ որպես զոհ: Իհարկե, խաբվել Էրդողանի հայտարարություններով, Հայաստանն իրավունք չունի: Հայաստանը չպետք է հայտնվի Էրդողանի խաբկանքի ծուղակում:

Խնդիրն այն է սակայն, որ Ռուսաստանի համար բավականին բարդ է հասկանալ՝ Էրդողանը բլե՞ֆ է անում՝ իրենց հետ հերթական սակարկության համար, թե՞ Էրդողանն իսկապես կարող է բավարարվել Կովկասում ռազմական ճանապարհով ձեռք բերածով և անցում կատարել արդեն «խաղաղ մրցակցությամբ» դիրքերը ամրապնդելու տրամաբանության: Ռուսական քաղաքականության համար դա թերևս բարդ դիլեմա է, հատկապես դրա մշակների, դրա «գաղափարախոսների», որոնք հրճվում են կարճաժամկետ հաջողությունից, սակայն զգում են, թե ինչպես են իրականում Կովկասում փորել ռուսական սուբյեկտության խորը փոսը, ինչի համար պատասխան տալու ժամանակը կարող է մոտենալ ավելի արագ, քան թվում էր: Այդ պատճառով է գուցե, որ պետք է համենայնդեպս ջանք գործադրել պատասխանատվությունը դարձյալ Հայաստանի վրա թողնելու համար:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Оставьте комментарий