Մարող էյֆորիան և Ալիևի սրվող վախերը

Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է և ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայված են ժամանակավորապես, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի դե ֆակկտո «համանախարար», Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Դե յուրե Բաքուն ասում է այն, ինչ կա, այսինքն ռուս խաղաղապահներն Արցախում են այնքան ժամանակ, որքան նախատեսված է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Իսկ դրանով նախատեսված է 5 տարի: Մյուս կողմից սակայն, Ադրբեջանն էլ հիանալի հասկանում է, որ ռուսները եկել են շատ երկար մնալու և ամրանալու նպատակով:

Իհարկե կարող են հեռանալ ստիպված, սակայն դա արդեն կախված է բոլորովին էլ ոչ Ադրբեջանից, որովհետև նրանց մնալը կամ գնալը կախված լինելով Բաքվի դե յուրե ստորագրությունից կամ համաձայնությունից, այդուհանդերձ դե ֆակտո պայմանավորված է լինելու ուժային մյուս կենտրոնների հետ ՌԴ փոխհարաբերությունից և քաղաքական հաշվեկշռից, ուժերի հարաբերակցությունից: Նվազագույնը՝ ԱՄՆ և Ֆրանսիա, որպես Մինսկի խմբի համանախագահներ, նաև Թուրքիա, Իրան: Իհարկե անուղղակիորեն շատ բան կարող է պայմանավորված լինել նաև այն հանգամանքից, թե ինչպիսի իրավիճակ կլինի Եվրասիական լայն շրջանակում, ըստ այդմ՝ նաև Չինաստանի հետ հարաբերությունում: Սակայն, խոշոր հաշվով իրողությունն այն է, որ Ադրբեջանը այստեղ կարող է լինել ընդամենը գործիք, այլ ոչ սուբյեկտ: Ալիևը այդ հանգամանքը հասկանում է բոլորից լավ և այդ հասկանալով է, որ փորձում է հիշեցնել իր «ստորագրության» կարևորության մասին: Բայց, առայժմ այդ հիշեցումը թերևս հուսահատ հիշեցում է թվում, նկատի ունենալով այն, որ կան համանախագահ եռյակի շրջանակում քննարկման նկատելի նշաններ արդեն մի քանի ամիս, և այստեղ հիմքում այն է, որ ԱՄՆ ու Ֆրանսիան կարող են որոշակի պայմանների դիմաց առնվազն դե ֆակտո ընդունել Ռուսաստանի արցախյան ռազմական ներկայության լեգիտիմությունը:

Ասել, թե այստեղ բյուրեղացած ընթացք է, կլինի սխալ, սակայն Բաքվի մտահոգությունը հուշում է լուրջ միտումների մասին: Միաժամանակ, տրամաբանական է, որ Ռուսաստանը փորձի լուծել հարցերը նրանց հետ, ումից կախված են դրանք, այլ ոչ թե նրա հետ, ով կարող է լինել ընդամենը գործիք: Բաքվին այդ հարցում կարող է «մոռանալ» նաև Թուրքիան, որը պատերազմի և հետպատերազմական պայմանավորվածությունների միջոցով լուծել է Կովկասի ուղղությամբ իր համար առանցքային հարցերը, վեցրել «իրենը»: Ի տարբերություն Բաքվի, Աննկարան Արցախի հայկական հատվածի հանդեպ այլևս՝ եթե անտարբեր չէ, ապա մեղմ ասած զգայուն չէ: Անկարայի խնդիրներն այլ են, ու, թեև իհարկե բաց չեն թողնի Բաքվին, սակայն չեն զբաղվի Բաքվի խնդիրներով այնպես, ինչպես կցանկանար Ալիևը: Ի դեպ, իհարկե առանց ավելորդ պատրանքի, սակայն քաղաքական իմաստով դրա մասին կարող է վկայել և Հայաստանի հետ հարաբերության վերաբերյալ մի քանի հայտարարությունը, որ արեց Էրդողանը:

Ադրբեջանի այդ խնդիրները Հայաստանի համար կարող են լինել հնարավորություն, կամ բացել քաղաքական մանևրի հնարավորություն, բայց միևնույն ժամանակ նաև ավելացնել հավելյալ ռիսկեր ու սպառնալիքներ, քանի որ դրանց բեռի տակ հայտնվող Ալիևը, որ հաղթանակի մարող էյֆորիայի ֆոնին ստիպված կլինի պատասխանել իր հասարակության լուրջ հարցադրումների, կփորձի դրանցից խուսանավել Հայաստանի ուղղությամբ: Հայաստանը պետք է կարողանա առավելագույնս արագ վերականգնվել և իր դիմադրունակությամբ զրկել Ալիևի իր հանրության հավանական հարցադրումներից հայաստանյան ուղղությամբ խուսանավելու հնարավորությունից:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Оставьте комментарий