Սերժ Սարգսյանի փաստաբանը հայցադիմում է ներկայացնում դատարան՝ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն այսօր հայցադիմում է մուտքագրելու Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով։ 

«Մենք պահանջում ենք, որ հերքումը հնչի այն նույն ամբիոնից, որ ամբիոնից հնչեցվել է» ,-ասաց Ամրամ Մակինյանը։  

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում իր ելույթում ասել էր հետևյալը․
«Սերժ Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում: Երրորդ նախագահը եկել է Հայաստան, պարոն Օհանյանը լավ գիտի, կոշիկներից մեկը մյուսից մի համար մեծ է եղել»:

Նրա պնդմամբ` այդ ամենը եղել է բանակի և պետության այլ ծախսերի հաշվին, և լայնամասշտաբ կոռուպցիա է եղել։

Խաչատուր Սուքիասյանն էլ իմանալով իր դեմ պատրաստվող հայցի մասին՝ ասել էր․«Ամեն ինչի պատրաստ եմ։ Փաստաբան միայն նա չունի, ես էլ ունեմ, կգնան այդ գործընթացներին կմասնակցեն։ Ես ունեմ ամեն ինչի հիմնավորումները»։ Խաչատուր Սուքիասյանը նաև հայտարարեց, որ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այն չարաշահումներով, որոնք տեղի են ունեցել Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին:

«Ես դեպք գիտեմ, որ մեր պետական օդանավը եկել է մի երկրից, որտեղ կազինո կա, էստեղից գումարները մեշոկներով տարել է, որ վճարեն, որովհետև կարող ես խաղալ, հետո նոր վճարել»,-ասել էր պատգամավորը:

Оставьте комментарий