Շոու է․ Շուշիի քաղաքապետը պատմել է 4 զավակների հետ Շուշի վերադառնալ ցանկացող կնոջ մասին

Օգոստոսի 1-ին Շուշի քաղաքի մերձակայքում, ադրբեջանական սահմանի մոտ ռուս խաղաղապահները կանգնեցրել են Շուշիի նախկին բնակիչ, 32 տարեկան Իզաուրա Բալասնյանին և նրա 4 երեխաներին, որոնք փորձում էին հատել սահմանը: Կինն  իր արարքը բացատրել է նրանով, որ ապրելու տեղ չունի և ուզում է վերադառնալ բնակության վայրը՝ Շուշի: Ադրբեջանցի և ռուս սահմանապահները մորն ու երեխաներին վերադարձրել են Արցախի Հանրապետություն:

Նշվում է, որ 44-օրյա պատերազմից հետո Իզաուրա Բալասանյանը իր 4 երեխաների հետ բնակություն էր հաստատել Ստեփանակերտի Դավիթ Բեկ փողոցում գտնվող հանրակացարանային շենքի առաջին հարկի բնակարանում: 100 հազար դրամ էր վճարում այդ տան համար: Իզաուրան դիմել է պետական տարբեր  մարմինների, խնդրել է, որ իրեն մի կացարան տան երեխաների հետ մնալու համար: Այս խնդրի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ, ով նշեց, որ իրականությունը բոլորովին այլ է. «Ավելի շատ այդ կինը ցանկացել է, որ շոուի վերածվի այդ հարցը: Նա տնով ապահովված է եղել: Այն տանը, որտեղ ինքն ապրում էր, 100 հազար դրամ տան վարձ պետք է տար, որից 50-60 հազարը վճարում էր պետությունը, տունը լրիվ կահավորած է եղել:

Տանտերը մանրամասն գրել է ինտերնետում, որ հարևաններից ասել են, որ իրենց տուն տղամարդիկ են եկել-գնացել: Բանը հասել է նրան, որ այդ կնոջ երկու սիրեկանները դրսում կռվել են և տանտերը որոշել է, որ նրան տնից դուրս հանի: Կինը դիմել է կառավարությանը, որ էդպիսի խնդիրներ կան և իրեն տնից հանում են: Տանտիրոջն առաջարկել են մեկ ամիս ժամանակ տալ, մեկ ամիս ժամանակ է տվել: Կնոջը այլ նորոգած, ամեն ինչով պատրաստ տուն են առաջարկել Խասկ գյուղում, բայց ինքը հրաժարվել է: Ասել է՝ ուզում եմ Ստեփանակերտ քաղաքում: Այն դեպքում, երբ ինքը հադրութցի է, Հադրութից եկել է Շուշի և մի քանի տարի բնակվում էր վարձով»,-ասաց Արծվիկ Սարգսյանը:

Նա հավելեց, որ չնայած կինը Շուշիում տուն չուներ, բայց իրեն ցուցակագրել են, որ բնակարան բաժանելիս իրեն էլ բնակարանով ապահովեն որպես 4 երեխաների մայր:

Ինչ վերաբերում է նրան, որ Արցախի տարածքային կառավարման նախարարը չի ընդունել կնոջը, Շուշիի քաղաքապետն ասաց. «Ամեն օր տարածքային կառավարման նախարարը չի կարող իրեն ընդունել: Մի անգամ ընդունել են, լիարժեք պատասխանը տվել են, առաջարկել են պայմաններ: Նաև այն տունը, որտեղ ապրում էր, միջամտել են, 100 հազարից դարձրել են 80 հազար դրամ, որից 50-60 հազարը պետությունն էր տալիս: Ինքն էլ ամեն երեխայի համար 68 հազարական դրամները ստանում է, 300-հազարական դրամները ստացել է, որտեղ օգնություն էին տալիս, ինքը դրանցից օգտվում էր, այնպես չի, որ անտեսված է եղել: Օրինակ, որպես 4 երեխաների մայր եկեղեցուց էլ է 300 հազար դրամ է ստացել: Հիմա էլ ասում է՝ չէ, ես միայն Ստեփանակերտում եմ ուզում ապրեմ: Էդ շոուն էլ սարքել է, որ ինչ-որ թնդացնող բան անի: Բոլորս էլ ուզում ենք Շուշի վերադառնալ, բայց այդպիսի հիմարություններ չենք անում»:

Հարցին, թե այս դեպքից հետո ինչ-որ լուծում կգտնվի՞ այս ընտանիքի համար, նա պատասխանեց. «Լուծումներ միշտ եղել են, ուղղակի ինքը չի ուզում»:

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

Оставьте комментарий