Թուրքիայի մասնակցությունը Կասպից ծովի զորավարժություններին անօրինական է. Իրանի ԱԳՆ

Իրանն անօրինական է անվանել Կասպից ծովում Թուրքիայի և Ադրբեջանի զորավարժությունները: IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է.

«Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան լիովին պարզաբանել է այս հարցը: Մերձափնյա հինգ պետությունները համաձայնել են, որ բացի այդ հինգ երկրներից, որևէ այլ երկրի ռազմական ներկայությունն անօրինական է»:

Խաթիբզադեի խոսքով՝ այս հարցը քննարկվում է Իրանի ԱԳՆ-ում:

Ինչպես հաղորդում է Casp-geo-ն, սեպտեմբերի 7-ին Կասպից ծովում թուրք-ադրբեջանական համատեղ ուսումնամարզական զորավարժություններ էին անցկացվել, որոնց ընթացքում Ադրբեջանի ռազմածովային ուժերի հատուկ ջոկատայինները Թուրքիայի զինվորականների հետ միասին կատարել էին գործողությունների պլանավորման, պայմանական հակառակորդի դիվերսիոն-ահաբեկչական խմբի վնասազերծման, նրանց ժամանակավոր բազայի ոչնչացման ուսումնամարտական առաջադրանքներ:

Հիշեցնենք՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան ընդունվել է 2018 թ.-ի օգոստոսի 12-ին: Այն լիովին բացառում է ոչ կասպյան պետությունների ռազմական ներկայությունը Կասպից ծովի ավազանում: Այդ կետն ընդունվել է՝ հաշվի առնելով Կասպից ծովում ամրապնդվելու ՆԱՏՕ-ի նկրտումները, որի անդամ է նաև Թուրքիան:

Оставьте комментарий