Հաջողություն ենք մաղթում Էրիկ Ալեքսանյանին

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր ստանձնել եմ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի շահերի պաշտպանությունը:

Պարոն Հովսեփյանին առաջադրված մեղադրանքներն ոչ միայն ապօրինի են և ունեն քաղաքական դրդապատճառներ, այլև այդ մեղադրանքների փաստական նկարագրությունները մեղադրանքի իրավաբանական կողմի հետ գտնվում են խիստ անհամապատասխանության մեջ, որի մասին մոտ օրերս առիթ կունենամ հանրությանն ավելի մանրամասն տեղեկատվություն հաղորդել»։

«ՉԻ». Մենք էլ մտահոգվել էինք, թե ինչու այս խոստումնալից փաստաբանը հրաժարվեց պաշտպանել Արմեն Գևորգյանին: Մտածում էինք, որ խիղճն արթնացել է և այլևս չի ցանկանում վարձատրվել նախկին ռեժիմի կարկառուն դեմքերի կասկածելի ճանապարհներով ձեռք բերված միջոցների հաշվին:

Բայց պարզվում է՝ պատճառն առավել քան հասարակ է: Ավելի լավ առաջարկ է ստացել ու տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել է այլ թիմ, որտեղ պաշտպանյալի վիճակն անհամեմատ ավելի վատ է, ինչն իր հերթին նշանակում է, որ փաստաբանական հոնորարը հաստատ ավելի մեծ կլինի:

Դե ինչ, հաջողություն մաղթենք փաստաբանին նոր մրցաշրջանում: Թող այն երկար տևի՝ գնա վերաքննիչ, հետո վճռաբեկ, հետ գա ու նորից գնա: Մի խոսքով՝ այնքան երկար տևի, մինչև իշխանությունները կկալանավորեն ավելի մեծ ձկան, քան Աղվան Հովսեփյանն է:

Оставьте комментарий