«Սպասենք, վերջը լավ լինի». «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր քրգործը մտել է դատարան

Հայտնի է, որ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի՝ Ազգային ժողովի ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբկացության պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր վերաբերյալ քրեական գործը երեկ մտել է դատարան։  Արա Մկրտչյանին առաջադրվել է մեղադրանք ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 154.2-րդ հոդվածի 5.1-րդ մասի 2-րդ կետով :

Նշենք, որ, ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայությունների, տվյալ  քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը, օգտագործելով նույն համայնքի բնակիչների կողմից` իրենից այլ կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գույքին վնաս պատճառելու սպառնալիքով վերջիններիս հարկադրել է  ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միաժամանակ քողարկված  պահանջ է ներկայացրել քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ինչպես նաև բարեգործության անվան տակ խոստացել է ծառայություններ մատուցել:

Մասնավորապես «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար, 2021 թվականի հունիսի 17-ին Քասախ համայնքի վարչական շրջանում գտնվող «Նեվրոզների կլինիկա» ՓԲ ընկերության տնօրենի հետ միասին կազմակերպել և անցկացրել է ժողով ընկերության աշխատակիցների մասնակցությամբ, որոնց մեծ մասը եղել են Քասախ համայնքի բնակիչներ: Արա Մկրտչյանը գույքին վնաս պատճառելու, այն է՝ տարիներ առաջ արված ասֆալտը քանդելու, այդ կերպ տվյալ համայնքի և ընկերության աշխատակիցների աշխատանքային, կենցաղային պայմանները վատթարացնելու սպառնալիքով ժողովին ներկա անձանց հարկադրել է դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միաժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին:

Արա Մկրտչյանը, օգտագործելով օրենքով իրեն վերապահված` հիշյալ համայնքի բնակիչների իրավունքների ու պարտականությունների հետ կապված մի շարք կարևոր լիազորություններ ունենալու հանգամանքը, ինչպես նաև շահարկելով դստեր` Աննա Մկրտչյանի` «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների ցուցակի 3-րդ տեղում ընդգրկված լինելը,նույն ժողովի ընթացքում Քասախ համայնքի բնակիչներին բարեգործության անվան տակ խոստացել է մատուցել ծառայություններ` ԱԺ արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դեմ քվեարկելու և «Պատիվ ունեմ» դաշինքի հաղթանակի դեպքում մրցույթ հայտարարել և ասֆալտապատել «Նեվրոզների կլինիկա» ՓԲ ընկերության հարակից տարածքն ու այգի կառուցել:

Հարուցված քրեական գործի դատական գործընթացի հետ կապված կապ հաստատեցինք Քասախ համայնքի համայնքապետ Արա Մկրտչյանի հետ, ով մեր հնչեցրած հարցերին տվեց կարճ ու կտրուկ  մի քանի բառով պատասխան․«Դատավորները  թող քննեն, որոշեն, ոչ մի սպասելիք չունեմ, ոչ մի ավել բան չեմ ուզում ասել, ոչ մի քաղաքական հեապնդման հետ չեմ կապում»։

Իսկ հարցին, թե ինչպես են անրադառնում այս դատական գործընթացները իր պատգամավոր աղջկա՝ Աննա Մկրտչյանի քաղաքական գործունեության վրա, նա կտրուկ ընդհատեց. «Աղջկաս պետք չի խառնել այս գործերին, նա առանձին իր գործն է անում։ Կրկնում եմ՝ սրանք կապված են միայն ինձ հետ,թող դատարանները որոշեն․․․Սպասենք,վերջը լավ լինի»։

Հիշեցնենք, որ, բացի ընտրակեղծարարության մեջ մեղադրվելուց՝Արա Մկրտչյանին առաջադրվել է նաև մեղադրանք Քրեական ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ` Կոտայքի մարզի Քասախ համայնքում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ,որով Քասախ համայնքին պատճառվել է ավելի քան 41 միլիոն դրամի վնաս։ Գործը գտնվում է դեռևս նախաքննական փուլում։

Оставьте комментарий