Ընդդիմությունը հուշում է Ալիևին․ կա մեկ նպատակ՝ որքան վատ, այնքան լավ

Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր ուժը ադրբեջանցիներին կամա, թե ակամա «հուշում» է, թե ինչ կարող են անել՝ «ցանկացած պահի կտրել Կապանը»:«Հայաստան» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Վահե Հակոբյանը հայտարարում է, որ Ադրբեջանը կարող է ցանկացած պահի կտրել Կապանը:

Բավական է ընդամենը նայել քարտեզին, հասկանալու համար, որ խնդիրը Հայաստանի համար ռազմավարական նշանակության կոմունիկացիայի այլընտրանքի բացակայությունն է: Այլընտրանք, որի ուղղությամբ, ի դեպ, անցնող ավելի քան երկու տասնամյակի ուղղությամբ որևէ գործնական քայլ չի արել նաև այն ուժը, որի ներկայացուցիչ է պատգամավոր Հակոբյանը: Ընդ որում այն դեպքում, երբ այդ ուժը մյուս կողմից էլ արտաքին տիրույթում բանակցել է այն տարածքները Ադրբեջանին վերադարձնելու շուրջ, որը իրականություն լինելու դեպքում ստեղծելու էր նույն խնդիրները կամ ռիսկերը:

Շատ կարևոր է, որ ընդդիմադիր ուժը պետք է գործնականում հայտնի հանրությանը, թե ինչպես է լուծելու հարցը Փաշինյանի հեռանալուց հետո: Ուժո՞վ է հեռացնելու ադրբեջանցիներին: Այդ դեպքում գուցե խոսվի ա՞յդ մասին, որպեսզի հանրությունն էլ հստակ դիրքավորվի իր վերաբերմունքի առումով: Թե՞ պարզապես շատ արագ կառուցելու է այլընտրանքային ճանապարհը և ադրբեջանցիներին զրկելու է ճանապարհային լծակից: Այդ դեպքում գուցե հրապարակային «դիսկուրսում» շեշտը դրվի այլընտրանքային ճանապարհի շուրջ քննարկմա՞ն վրա, եթե իհարկե մտահոգության բուն առարկան իսկապես Հայաստանի ռազմավարական շահն է, այլ ոչ քաղաքական, կուսակցական, խմբային հետաքրքրությունը: Առավել ևս, որ կառավարությունը արդեն ամիսներ է, ինչ իրականացնում է այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի-Կապան 43 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը:

Ըստ այդմ, խոսակցությունը պետք է ծավալել շինարարության արագության շուրջ: Բայց, դա թերևս քաղաքական դիվիդենտի տեսանկյունից այդքան էլ շահեկան խոսակցություն չէ և վերստին կանգնում ենք հայկական քաղաքականության «հավերժական հարցի» առաջ՝ կա՞ն խնդիրներ և իրավիճակներ, երբ ամենաարմատական քաղաքական դիմակայության պարագայում անգամ գոնե այդ կետերում կգերակայի համապետական շահը, թե՞ ամեն ինչ ստորադասվում է մեկ նպատակի՝ որքան վատ, այնքան լավ սկզբունքով:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Հեղինակ՝ Արամ Ամատունի

Оставьте комментарий