Ալիևին երևի թվում էր, թե բռնել է Պուտինի մորուքից, բայց չստացվեց … Ստանիսլավ Տարասովի անդրադարձը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը

Իր վերջին հարցազրույցում Ալիևը բողոքել է ՌԴ-ից, որ վերջինս զինում է Հայաստանին: Ինչպես եք գնահատում այդ հայտարարությունը:

Ալիևին երևի թվում էր, թե բռնել է Պուտինի մորուքից, բայց չստացվեց, ու իրեն հասկացնել տվեցին, որ դա այդպես չէ:Ռուսաստանն իր սեփական շահերն ունի: Ինքը մտածում էր, թե ՌԴ-ն պետք է կատարի Ադրբեջանի ինչ-որ պայմաններ, որ ռուս խաղաղապահները, որոնք իրավաբանական առումով գտնվում են Ադրբեջանի տարածքում, պետք է անեն այն, ինչ ցանկանում է Բաքուն:

Մոսկվան հասկացնել տվեց, որ դա ամենևին էդպես չէ: Երկրորդ, Մոսկվան դուրս չի եկել ԵԱՀԿ Մինսկի խմբից, իսկ Մինսկի խմբի համանախագահության օրակարգը հայտնի է, այն քննարկելու է ԼՂ-ի կարգավիճակի խնդիրը: Դա որոշակիորեն նյարդայնացնում է Ադրբեջանին և դա սպասելի նյարդայնացում է:

Այդ փուլում Ալիևը պարտվում է Փաշինյանին այն իմաստով, որ նա չկարողացավ օգտվել հնարավորությունից և կազմակերպել ուժ ընդդեմ Երևանի, որ սկսի նոյեմբերի ինի եռակողմ հայտարարության դրույթների իրացումը՝ կապված հաղորդակցության ուղիների բացման հետ: Նույն հարցազրույցում Ալիևը հայտարարել է նաև, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պետք է կնքվի խաղաղության պայմանագիր, Զանգեզուրի միջանցքի մասին խոսք գնաց և հորդորեց Ռուսաստանին չզինել Հայաստանին:

Ձեր կարծիքով Ալիևն ինչո՞ւ որոշեց նման հրապարակային կերպ այդ առաջարկները ներկայացնել:

Դա հասկանալի է, որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը առաջին հերթին նախատեսում է հրաժարում հիմնախնդրի կարգավորման ուժային գործոնից:

Այսինքն պատերազմը չպետք է դեր խաղա, իսկ ինքը Հայաստանին սպառնում է ուժային գործոնով, ու թակարդն է ընկնում, երբ ՌԴ-ն հայտարարում է, որ նպաստելու է Հայաստանի բանակի արդիականացմանը: Այսինքն Բաքուն շեշտը դնում է ուժային գործոնի վրա, իսկ ուժային գործոնին դեմ է ՌԴ-ն:

Ադրբեջանն արդեն որերորդ անգամ սադրանքի է դիմել Երասխի, նաև Գեղարքունիքի ուղղությամբ, հայկական կողմը զոհեր ունի: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս լարվածությունը, ինչի՞ է ձգտում հասնել Ադրբեջանը:

Ինձ համար էլ է հանելուկ, թե ինչու է Ադրբեջանը լարում իրավիճակը, հատկապես սահմանային գոտիներում այն պահին, երբ բանակցային գործընթաց է գնում եռակողմ ձևաչափով՝ Երևանի, Բաքվի ու Մոսկվայի միջև փոխվարչապետների մակարդակով, որի օրակարգում ճանապարհների ապաշրջափակումն է: Ինչու հանկարծ Ալիևը գնաց այդպիսի լարվածության մեծացմանը:

Սա հանելուկային է, թե ինչու է Բաքուն փորձում խափանել այդ բանակցությունները: Ընդ որում, լարվածության աճին ուղղված գործողությունները Ադրբեջանն սկսել էր դեռևս ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններից առաջ:

Ի՞նչ էր ցանկանում դրանով անել Ադրբեջանը, նպաստել Նիկոլ Փաշինյանի պարտությանը և ռևանշի ուժերի իշխանության գալուն և դրանից օգտվելով ճնշել Հայաստանին մինչև վե՞րջ: Իսկ ռուս խաղաղապահները գտնվում են Լեռնային Ղարաբաղի անկլավում ու նրանք դատելով իրադարձությունների ընթացքից, այնտեղ շատ երկար են մնալու: Նաև նշվում է, որ Ադրբեջանի նախագահը հասկանում է, որ առանց խաղաղության պայմանագրի պատերազմում ունեցած իր ձեռքբերումները չեն կարող համարվել լեգիտիմ: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

Լեգիտիմ են, թե լեգիտիմ չեն դա այլ հարց է, սակայն Ադրբեջանն արել է իր անելիքը և հայերը պարտվել են: Ընդ որում պարտվել են պատմականորեն, և ինչ-որ իրավիճակ վերադարձնելու համար հայերին պետք կլինի երկու հարյուր տարի:

Այլ բան է, որ Ալիևը չգիտես ինչու շտապում է արագացնել իրադարձությունները ու ստիպել ՀՀ-ին կատարել համաձայնագրի պահանջները՝ առաջարկելով հայերին նրանց համար բացարձակ անընդունելի բանաձև: Ինչո՞ւ է նա շտապում, քանզի իրավիճակն արագ փոխվում է: Տեսեք՝ ինչ է կատարվում Աֆղանստանում, տեսեք, թե ինչպես է իրեն պահում Արևմուտքը: Նա վախենում է, որ Եվրոպան և Ամերիկան կարող են ակտիվորեն խաղի մեջ մտնել ԼՂ-ի ուղղությամբ ու այդ դեպքում իրավիճակը իրենց համար ոչ մի լավ բան չի խոստանում:

Ալիևը նաև փորձում է ճնշում գործադրել Պուտինի հանդեպ և այստեղ էլ հարց է ծագում, թե ինչո՞ւ պետք է Ռուսաստանը խաղա հօգուտ Ադրբեջանի, ի՞նչ պայմաններով ու դրա դիմաց ինչ է ստանալու: Մենք ի՞նչ է, ինչ-որ բան ենք պարտք Ադրբեջանի՞ն, մենք ոչինչ պարտք չենք: ՌԴ-ն իր ռազմական ներկայությամբ ապահովում է, որ ուժային գործոնը գործի չդրվի, աշխատեք դիվանագիտական հարթությունում ու պետք է պայմանավորվել հայերի հետ: Պետք է պայմանավորվել նաև Թուրքիայի հետ, որ հայերի մոտ վերանա վտանգի զգացողությունը Ադրբեջանի ներկայությունից: Իսկ այս իրավիճակում, երբ լարվածություն կա սահմաններին, երկու որոշումով խնդիրը չես կարող լուծել: Դա լուծվում է տարիներով:

Оставьте комментарий