ՊԵԿ-ի նախկին պաշտոնյան անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով

Պետեկամուտների կոմիտեի նախկին պաշտոնյա Վահրամ Գուրողլյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք անցնում են ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով։ Այդ մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից։

Գուրողլյանը Պետեկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության պետն էր և այդ պաշտոնը թողել է 2016-ին։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Գուրողլյանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի մտերիմներից էր։ 2016-ին Պետեկամուտների կոմիտեի մի շարք աշխատակիցներ գաղտնի տեսագրություն էին արել ու հրապարակել, նաև նամակի տեսքով դիմել Սերժ Սարգսյանին։ Դիմումը վերաբերում էր մաքսային ոլորտում Խաչատրյանի ու նրա մտերիմների կողմից կիրառվող սխեմաներին։ Հետագայում տեսանյութը անհետացավ համացանցից, սակայն դրա տեքստային, հակիրճ տարբերակը պահպանվում է։

ՊԵԿ-ի աշխատակիցները այդ տեսանյութում պատմում էին, որ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, մաքսային ծառայությունում ստեղծել էր մի խումբ և համակարգում էր «մաքսայինի պապկաների» հետ կապված գործընթացները։ Սա մի մեխանիզմ էր, որով Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Չինաստանից ներկրվող ապրանքները մաքսազերծվել են չափազանց ցածր գնով, և ըստ ՊԵԿ աշխատակիցների դիմումի՝ գործարարներից «պապկաների» տերերը հավաքել են յուրաքանչյուր ներմուծված կիլոգրամ ապրանքի համար 2-6 ԱՄՆ դոլարի գումար։ Այս մեխանիզմում շոշափվում էր նաև Գուրողլյանի անունը՝ որպես Խաչատրյանների մտերիմ ու սխեմայի մասնակից։

Գուրողլյանի պաշտոնավարման ընթացքի ամենահատկանշական դրվագներից էր 2014-ին Իրանից Հայաստան փոխադրված շուրջ 1 տոննա հերոինի հայտնաբերումը. այդ ժամանակ նա նախաբացթողումային հսկողության վարչության պետն էր։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության կողմից ՊԵԿ նախկին պաշտոնյային պատկանող գույքերի հետ կապված իրականացվել է ուսումնասիրություն, ու Գուրողլյանը սեպտեմբերի 27-ին հրավիրվել է վարչություն՝ գործի նյութերին ծանոթանալու ու դիրքորոշում հայտնելու նպատակով։ Գուրողլյանի հետ միասին նման ծանուցագրեր են հասցեագրվել նաև նրա որդուն՝ Վազգեն Գուրողլյանին ու կնոջը՝ Սոնա Գզրարյանին։

Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ Սոնա Գզրարյանը հանդիսանում է «Էյչ այ ուայ» ընկերության 20 տոկոս բաժնեմասի սեփականատերը։ «Էյչ այ ուայ»-ը հյուրանոցային գործունեություն է ծավալում, ընկերությանն է պատկանում Երևանի կենտրոնում գտնվող «Իբիս» հյուրանոցը, որի բացումը կայացավ 2017-ին։ «Իբիս»-ը խոշոր հյուրանոցային ցանցի ներկայացուցիչ է Հայաստանում: Հյուրանոցային համալիրի կառուցման համար ներդրվել է ավելի քան 10 միլիարդ դրամ, այն ունի 255 սենյակ։

Սոնա Գզրարյանը հյուրանոցի 20 տոկոսի բաժնետեր է դարձել 2017-ից՝ իր բաժնեմասը ձեռք բերելով կառուցապատման ոլորտի խոշոր գործարար Սամվել Մայրապետյանից։ Ներկայում հյուրանոցի բաժնեմասերի 40 տոկոսը պատկանում է Մայրապետյանին ու նրա կնոջը՝ Գոհար Քյալյանին, 10 տոկոսը՝ նրանց որդուն՝ Միքայել Մայրապետյանին, 10 տոկոսը՝ Լևոն Սուլթանյանին, որը Մայրապետյանին պատկանող Հանրային երկրորդ հեռուստաալիքի փոխտնօրենն է, ևս 20 տոկոսը՝ Երևանի բնակիչ Տուտիկ Ադամյանին։

2019-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում էր վարույթ հարուցվել Սոնա Գզրարյանի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու համար։ Հանձնաժողովի որոշումից պարզ էր դառնում, որ Գզրարյանին է պատկանել «Գռաց» ՍՊԸ-ն, որը զբաղվել է ավտոյուղերի ներկրմամբ, նաև որպես անհատ ձեռնարկատեր վերջինս զբաղվել է վարսավիրական ծառայությունների մատուցմամբ։

Վահրամ Գուրողլյանի որդին՝ Վազգեն Գուրողլյանը, 2019-ից «Քոֆֆի սթոր» ընկերության բաժնետերն է։ Ընկերությունը զբաղվում է սուրճի, սուրճի ապարատների, սրճեփերի ներմուծմամբ ու վաճառքով։

Оставьте комментарий