Երևանի հավասարակշռված պատասխանն Էրդողանին

Չնայած Հայաստանի համար ընդունելի չէ միջանցքային տրամաբանությունը, սակայն Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ շփումների: Օրերս այդպես էր արձագանքել պաշտոնական Երևանը այն հայտարարությանը, որ Հայաստանի վարչապետից՝ Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկի մասին արել էր Թուրքիայի նախագահ Էրդողանը: Էրդողանն ասել էր, որ, եթե Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ուզում, ապա ոչ թե պետք է մերժի միջանցքային քննարկումները, այլ գնա այդ օրակարգի շուրջ համաձայնության Ադրբեջանի հետ:

Էրդողանի այդ հայտարարությունը, ինչպես առիթ ունեցել եմ գնահատելու նախորդ հոդվածներում, թերևս չարժե դիտարկել միագիծ: Անկասկած է, որ Թուրքիան չէր կարող չխոսել միջանցքից: Տարօրինակ կլիներ, եթե չլիներ այդ այսպես ասած պայմանի հիշատակումը, քան այն, որ դա կա՝ հնչել է: Ի վերջո, երբ խոսվում է հայ-թուրքական որևէ շփման կամ խոսակցության մասին, պետք է նկատի ունենալ այն, որ Անկարան չի կարող այսպես ասած չնկատել Բաքվին իր խնդիրներով և օրակարգերով: Դա չի նշանակում, որ Թուրքիայի համար «միջանցքի» օրակարգը ընդամենը Բաքվին աջակցելու խնդիր է: Սակայն, թերևս բոլորովին միարժեք չէ այն, որ Թուրքիայի համար «միջանցք» հարցի կարգավիճակային շեշտադրումը նույնքան կարևոր է, որքան Բաքվի համար:

Անկարան անշուշտ դեմ չէ, որպեսզի Ադրբեջանը ստանա այդ «միջանցքը», սակայն պետք է նկատել, որ Էրդողանը իրեն դիտարկում է շատ ավելի լայն մասշտաբի խաղի մասնակից, իսկ այսօր Թուրքիան ունի այդ խաղի շատ այլ առանցքային գոտիներ, ըստ այդմ «միջանցքին» ամեևին դեմ չլինելով և գուցե նույնիսկ լինելով կողմ, այդուհանդերձ իր համար այն ներկայումս կարող է դիտարկել փոքր խնդիր: Եվ ավելին, հայ-թուրքական հարաբերության թեման կարող է դիտարկել ավելի մեծ հարցեր լուծելու միջոց: Այստեղ էլ Հայաստանը կարող է իր համար նկատել այդ իրավիճակում Թուրքիայի հետ երկխոսության հարցը առաջ մղելու հնարավորություն: Եվ այդ իմաստով է թերևս, որ Երևանի արձագանքը Էրդողանին բավականին հավասարակշռված է, այն առումով, որ մի կողմից արձանագրվում է «միջանցքային» տրամաբանությանը դեմ լինելը՝ այսինքն Երևանի որոշակի կարմիր գիծը, մյուս կողմից սակայն Երևանը այդուհանդերձ Թուրքիայի այդ դիրքավորումը չի դիտարկում սկզբունքային արգելք և պատրաստ է խոսել անգամ այդ անհամաձայնության պայմաններում: Սա թերևս օպտիմալ մոտեցում է, հաշվի առնելով օրինակ հենց այն հանգամանքը , որ իրական քաղաքականության ռեժիմում Թուրքիայի մոտիվացիաները կարող են որոշակիորեն տարբերվել Բաքվից:

Իհարկե լայն իմաստով այստեղ թերևս հարկ է չունենալ ավելորդ պատրանքներ, քանի որ Թուրքիան թերևս որևէ կերպ ավելի մոտիվացված չէ Հայաստանի հետ հարաբերության հարցում, այլ, ինչպես գնահատեցի ավելի վերևում՝ հայ-թուրքական հարցը գոնե առայժմ դիտարկում է իր ավելի լայն խաղի մեջ օգտագործելի խաղաքարտ, մասնավորապես Վաշինգտոնի և Մոսկվայի հետ հարաբերություններում: Այդ իմաստով բոլորովին երկրորդական չէ այն, որ Էրդողանը Հայաստանի վարչապետի հետ հանդիպման առաջարկի մասին բարձրաձայնեց Նյու Յորք այցի ճանապարհին՝ ՄԱԿ ԳԱ նստաշրջանին մասնակցելու նպատակով, և Ռուսաստան այցից օրեր առաջ, որտեղ ինչպես նշել է Պուտինի խոսնակ Պեսկովը՝ լինելու է ռուս-թուրքական աննախադեպ ընդարձակ օրակարգով քննարկում:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Оставьте комментарий