Թե ինչպես Տիգրան Արզաքանցյանը քաշեց անքաշելին

Հայտնի գործարար Տիգրան Արզաքանցյանը, որը ԱԺ արտահերթ ընտրություններում հանդես էր գալիս որպես Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) վարչապետի թեկնածու, հայտարարել էր, որ հեռացել է ՀԴԿ-ից: Այս առթիվ ՀԴԿ ղեկավար Արամ Գ. Սարգսյանն ասել է. «Իրենք մեր կուսակցության անվան տակ այնպիսի մի  PR կազմակերպեցին իրենց, որը մեր կուսակցության իմիջի համար շատ մեծ վնաս էր»:

«ՉԻ». Մի առակ կա, լսած կլինեք, որ ծիտը պառկում է գետնին, ոտքերը տնկում վերև: Ասում են՝ էս ի՞նչ ես անում, ասում է՝ երկինքն եմ պահում, որ փուլ չգա:

Հիմա պարզվում է, որ Հայաստանում կա նման կուսակցություն, որն այս ծտի գործառույթներն է կատարում: Այսինքն՝ նման կուսակցություններ շատ կան, բայց էս մեկը տարբերվում է նրանով, որ իմիջ ունի: Այնպիսի իմիջ, որին նույնիսկ կարող են վնասել:

Ընդհակառակը, ՀԴԿ-ն պետք է աղոթի ու շնորհակալ լինի Արզաքանցյանին, որ նրա շնորհիվ հանրությունն իմացավ, որ նման անունով կուսակցություն կա Հայաստանում և նման անունով՝ կուսակցության նախագահ: Ավելի լավ PR հնարավոր չէր պատկերացնել: Ընդհանրապես, հետաքրքիր է, թե Արզաքանցյանը որտեղից էր պեղել ՀԴԿ-ն: 

Այնպես որ՝ եթե Տ. Արզաքանցյանը ցանկանում է նորից մասնակցել որևէ ընտրության, թող մեզ դիմի. մենք մի քանի հատ հոյակապ անուններով կուսակցություններ գիտենք, որոնք երազում են նման փողոտ մեկին կպցնել:

Оставьте комментарий