Հ1-ը և ծռերը պետք է համագործակցության մասին հուշագիր ստորագրեն

Ներկայումս իրենց Ազգային-Ժողովրդավարական Բևեռ անվանող նախկին Սասնա ծռերը համացանցում տարածում են հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «Պահանջում ենք Հ1-ից ԱԺԲ-ի միջոցառումների օպերատիվ և անկողմնակալ լուսաբանում»:

«ՉԻ». Ճիշտն ասած՝ ԱԺԲ-ի դեպքում դա լուրջ խնդիրների հետ է կապված: Խոսքը միայն իշխանության՝ ընդդիմությանը հարթակ տրամադրելուն կամ չտրամադրելուն չի վերաբերում:
Այստեղ պետք է լինի երկուստեք փոխհամագործակցություն և փոխվստահություն:

Ասենք՝ ԱԺԲ-ն որոշել է գրավել ինչ-որ պետական շենք: Նախ իրենք պետք է նախապես տեղեկացնեն Հ1-ին, որ վերջինս լրագրող և օպերատոր պատրաստի, նրանց զրահաբաճկոն տրամադրի, հասցնի ապահովագրել նրանց կյանքը և այլն: Ի՞նչ իմանաս՝ գրավելու ժամանակ գնդակը որ ուղղությամբ կգնա:

Հ1-ն էլ իր հերթին պետք է գործընկերային ճիշտ վարքագիծ դրսևորի: Ստացված հայտի մասին անմիջապես չտեղեկացնի ԱԱԾ-ին, այլ խելոք գնա և լուսաբանի, թե ինչպես հերթական կռազով մտան հերթական պետական հիմնարկ: Չի անի, ինքը կտուժի. 5-րդ ալիքը հաստատ կանի:

Մի խոսքով՝ ճիշտ կլինի, եթե հոկտեմբերի 1-ից առաջ ԱԺԲ-ի ղեկավարները և Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը համատեղ հուշագիր ստորագրեն համագործակցության մասին, որտեղ մանրամասն նկարագրված կլինեն էթիկայի կանոնները:

Оставьте комментарий