Վանաձորի բնակիչները հրաժեշտ են տվել Երևանում սպանված 27-ամյա Դիաննային

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են Վանաձորում հրաժեշտ տալիս օրերս Երևանում սպանված 27-ամյա կնոջը։

«Ես ավելի հուզիչ տեսարանի վերջերս չէի հանդիպել. Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մոտ 3000 աշխատակիցները (հիմնականում կանայք) այս կերպ վերջին հրաժեշտն էին տալիս օրերս ողբերգական պատահարի զոհ դարձած` ֆաբրիկայի սեփականատիրոջ, վանաձորյան արդյունաբերության առաջատար, մեր հարգարժան համաքաղաքացի Բագրատիոն Դարբինյանի դստերը` Դիաննային։

Վանաձորի համայնաքապետարանը, ավագանին և անձամբ ես, միանում ենք ցավակցություններին, կիսում ենք մեր ընկերոջ անասելի ցավը։

Ննջես խաղաղությամբ, սիրելի Դիաննա»,-գրել է Վանաձորի քաղաքապետը։

Ոստիկանության հրապարակած հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի լույս 28-ի գիշերը, ժամը 02.30-ին, «Քանաքեռ Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել Երևանում բնակվող 29-ամյա երիտասարդ։ Նրա հայտնածով՝ մարմնական վնասվածքը ստացել էր Հաղթանակ զբոսայգու դիմաց:

Բուժհաստատությունից հայտնել են նաև, որ նույն զբոսայգու մոտից, դարձյալ հրազենային վնասվածքով, հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա կին, որը բժշկական կենտրոնում մահացել է։

Նախնական տվյալներով՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 21-ին, հիվանդանոց դիմած տղամարդը Սայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկի մոտակա սրճարաններից մեկում հանդիպել էր իր ծանոթ 24-ամյա մի երիտասարդի։ Նրանք վիճել էին։ Վեճը վերածվել էր ծեծկռտուքի: Արդեն սեպտեմբերի լույս 28-ի գիշերը, ժամը 1.30-ի սահմաններում, Ազատության պողոտայի Հաղթանակ զբոսայգու դիմացի հատվածում՝ ստորգետնյա անցումի մոտ, հիվանդանոց դիմած երիտասարդը հանդիպել էր ընկերոջը։ Այդ ընթացքում մի ավտոմեքենայից իջել էր Երևանի Դրոյի փողոցի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդ ու հայհոյանքներ հնչեցնելով՝ ինքնաձիգից կրակոցներ էր արձակել նրանց ուղղությամբ։ Արձակված կրակոցների հետևանքով բուժհաստատություն դիմած երիտասարդի կինը, որը ավտոմեքենայի սրահում էր, ստացել էր վնասվածքներ, իսկ հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել:

Դեպքից ժամեր անց ոստիկանության ծառայողները հայտնաբերել է կրակոցներ արձակած անձին, բերման ենթարկել Արաբկիրի բաժին ու ներկայացրել դեպքի նախաքննությունը վարող մարմնին։

Նա ձերբակալվել է։ Բավրայի սահմանային անցակետում էլ, Հայաստանը լքելիս, բռնվել է նաև առանձնապես ծանր հանցագործությանը օժանդակելու մեջ կասկածվող անձ, որը ևս ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Оставьте комментарий