Ուշագրավ փաստեր ոչ պիտանի զինամթերքի գործով անցնող ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի կենսագրությունից

Ինչպես հայտնի է երեկ կալանավորվեցին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ վերջինիս մտերիմ ընկեր Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն: Այս քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է նաեւ Զու գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:

Իսկ ինչու է ԱԱԾ-ն թիրախավորել հենց ԶՈւ գլխավոր Շտաբի պետի տեղակալներից միայն Ստեփան Գալստյանին, քանի որ նա է եղել ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի ավիացիոն գծով տեղակալը: Իսկ ահա ԱԱԾ-ն աղմկահարույց բացահայտումները արել է հենց ԶՈՒ ավիացիոն ոլորտում:

Ի դեպ Ստեփան Գալստյանը ավիացիոն ոլորտին այնքան տեղյակ է, որ անգամ սեփական ավիաընկերությունն է ունեցել: Այսպիսով դեռես 2012 թվականին hetq.am ուշագրավ մանրամասներ էր հրապարակել, որ Ստեփան Գալստյանը, լինելով ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, սեփական ավացիոն ընկերությունն ունի: 2012 թվականի նոյեմբերի 30-ին Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլի «Մայա-Մայա» օդանավակայանից մոտ 500 մ հեռավորության վրա գտնվող բնակելի տների վրա ընկավ «Իլ-76» ինքնաթիռը:

Վերջինս սովորականի համաձայն բեռնափոխադրում (ըստ լուրերի՝ մեքենաներ) էր իրականացնում երկրի երկրորդ խոշորագույն Պուենտ-Նուար քաղաքից դեպի մայրաքաղաք: Արդյունքում զոհվեցին անձնակազմի 7 անդամները, որոնցից 5-ը հայեր էին (ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Վարազդատ Բալասանյան (1949 թ., հրամանատար, եղել է Արցախյան ազատամարտի մասնակից, Ստեփանակերտի օդանավակայանի պետ), Արա Թովմասյան, Թադեւոս Հովհաննիսյան, Անդրանիկ Գեւորգյան, Էդգար Ավետյան (1989 թ., օպերատոր)): Նշվեց զոհված առնվազն 30 եւ վիրավորված շուրջ 20 բնակչի մասին:

Նախապես իբրեւ վթարի պատճառ հայտարարվեց անբարենպաստ եղանակը: Ինքնաթիռը վայրէջք պետք է կատարեր երեկոյան. ականատեսները պատմել են, որ այդ ժամանակ ուժեղ անձրեւ էր գալիս, որն ուղեկցվում էր քամով: ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Նելլի Չերչինյանն էլ հայտնեց, որ նախնական տվյալներով ինքնաթիռի թեւին հարվածել է ամպրոպը, որն էլ դարձել է կործանման պատճառ: Կոնգոյի իշխանությունները հետաքննում են միջադեպը:

Ո՞վ է աղետի ենթարկված ինքնաթիռի իրական տերը Արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը նախ հայտարարեց, թե ինքնաթիռը պատկանում է տեղական «Trans Air Congo» ընկերությանը եւ կատարում է նույնպես տեղական «Aero-Service»-ի բեռնափոխադրման պատվերները: Սակայն շուտով «Trans Air Congo»-ն հերքեց, թե ինքնաթիռն իրենն է: Պարզվեց, որ այն իրականում պատկանում է հայկական «Ռիջ Էյրվեյս» («Ridge Airways») ընկերությանը. պատվերների մասով տեղեկատվությունը հաստատվեց: Այս անունով ավիաընկերություն Հայաստանում իրոք կա: Այն, ի թիվս 11 ընկերությունների, գրանցված է քաղավիացիայի վարչության կողմից:

Պետռեգիստրի կայքում ընկերության սեփականատեր է նշված Սերգեյ Քոչարովը, որը գրանցված է Երեւանում: EK 76300 կողային համարով «Իլ-76Տ» ինքնաթիռը, սակայն, ըստ «Հետքին» նամակ գրած օդաչու Վալերի Պողոսյանի, պատկանում է նման անունով մեկ այլ ընկերության, որը գրանցված է օֆշորային գոտում: Պողոսյանը օդանավի հրամանատար է, նա նույնպես աշխատում է Աֆրիկայում: Զոհված անձնակազմի անդամները, ինչպես ինքն է ասում, եղել են իր ընկերները: Ընդհանրապես, Հայաստանում գրանցված ավիաընկերություններից շատերը գործունեություն են ծավալում արտերկրում, հիմնականում՝ Աֆրիկայում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում:

Բացի այդ՝ պարզվել էր, որ այստեղ գրանցված, բայց դրսում գործող ընկերությունները ՀՀ պետբյուջե մուծում են չնչին հարկեր՝ համեմատած նույն «Արմավիայի» կամ «Արմ-Աէրո»-ի (ՊՆ-ին պատկանող ընկերություններից է, որը ուղղաթիռ է շահագործում): Այս տեսանկյունից միանգամայն տրամաբանական է հրամանատար Պողոսյանի ասածը, որ վթարված ինքնաթիռի տեր ընկերությունը օֆշորային գոտում է գրանցված:

Ավելին՝ Պողոսյանը նամակում գրել է, որ «Ռիջ Էյրվեյս»-ը պատկանում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին, սակայն գրանցված է նրա կնոջ՝ Նատալյայի անունով: Ըստ Պողոսյանի՝ նույն Գալստյանին պատկանող 2 հատ «Ան-12» եւ 2 հատ «Իլ-76» ինքնաթիռները նույնպես թռիչքներ են կատարում Աֆրիկայում: Այդ օդանավերի ձեռքբերման համար, նրա կարծիքով, ծախսվել է նվազագույնը 9 մլն դոլար:

«Հետաքրքիր է՝ որքա՞ն է այս երիտասարդ գեներալի աշխատավարձը»,- հարց է տալիս Պողոսյանը: Վերջինս «Հետքին» տեղեկացրեց, որ, իր իմանալով, «Ռիջ Էյրվեյս»-ին պատկանող մեկ այլ «Ան-12» թռչում է Աֆղանստանում: Նամակագիրը ուշադրություն է հրավիրում հետեւյալ հանգամանքի վրա. «Այս երիտասարդը, չունենալով ակադեմիական կրթություն (նկատի ունի գեներալի համար անհրաժեշտ կրթությունը, որոնք մեր գեներալները որպես կանոն ստանում են Մոսկվայում- հեղ.), խաղաղ ժամանակ ծառայել է 4 տարի՝ հասնելով գեներալ-լեյտենանտի կոչման ու դառնալով մուլտիմիլիոնատեր»:

Ըստ ՊՆ կայքին Ստեփան Գալստյանը Մարալիկ քաղաքից է, 1983-1992 թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում: 1988-ին ավարտել է Արմավիրի ռազմական ավիացիայի օդաչուների բարձրագույն ուսումնարանը: 1992-ից ՀՀ ԶՈւ-ում է, եղել է ավիացիոն ջոկատի, զորամասի, ապա բազայի հրամանատար: 2003-2009 թթ. եղել է ՊՆ ավիացիայի պետը: 2009-ից ԶՈւ ԳՇ պետի տեղակալն է, պարգեւատրվել է մի շարք մեդալներով: Բնականաբար, ՊՆ-ն հերքում է գեներալ Գալստյանի առնչությունն այս ամենին:

Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ նմանատիպ լուրերը զինված ուժերին վարկաբեկելու նպատակ ունեն: Դժվար է պատկերացնել, որ կառույցը կարող էր հայտարարել, թե այո, նշված ընկերությունը պատկանում է գեներալին: Ողբերգությունը՝ հանցավոր անտարբերության հետեւանք Սակայն այս պատմության մեջ ամենակարեւորը ոչ այնքան ընկերության իրական տիրոջ ով լինելն է, այլ հենց ինքնաթիռը: Վալերի Պողոսյանը հավաստում է, որ ինքնաթիռը Կոնգոյում էր արդեն 1 տարի եւ 4 ամիս: Միեւնույն ժամանակ օդանավն այս տարվա օգոստոսից չի ունեցել շահագործման թույլտվություն: Այսինքն՝ աշնան ամիսներին՝ մինչեւ կործանումը, շահագործվել է ապօրինի:

«Որոշակի ժամկետից հետո, տվյալ դեպքում՝ 1 տարի անց, ինքնաթիռի վրա կոնստրուկտորական բյուրոյի ծրագրով եւ մասնակցությամբ կատարվում են համապատասխան տեխնիկական աշխատանքներ: Դրանցից հետո կազմվում է տեխնիկական վիճակի մասին ակտ, եւ կոնստրուկտորական բյուրոն ակտի հիման վրա տալիս է որոշում՝ օդանավի հետագա թռիչքների թույլտվության մասին: Աշխատանքները պետք է կատարվեն հավաստագիր ունեցող բազայում, ինչպիսին Կոնգոյում չկա:

Պողոսյանը պնդում է, որ «Ռիջ Էյրվեյս»-ի բոլոր ինքնաթիռների փաստաթղթերը կեղծված են: Ավելին՝ ինքնաթիռն ու անձնակազմը ապահովագրված չեն եղել: Մեզ հետ նամակագրության ժամանակ օդաչուն (այս պահին նա Աֆրիկայում գործուղման մեջ է) հայտնեց, որ անձնակազմի կյանքը ապահովագրելու համար անհրաժեշտ էր եռամսյակում վճարել 3500 դոլար, եւ առանց դրա թռչելու իրավունք չկար, սակայն կանոնները չեն պահպանվել: Եվ քանի որ ինքնաթիռն էլ չէր անցել տեխզննում, դա էլ չէր ապահովագրված: «Ո՞վ է վճարելու երրորդ անձանց ծախսերը, ո՞վ պետք է նյութական պատասխան տա ընտանիքներին, որոնք կորցրել են կերակրողներին: Եվ ինչու՞ ժամանակին չարձագանքեց ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը, որը ադմինիստրատիվից վերածվել է կոմերցիոն կառույցի: Ամենայն հավանականությամբ, ինչպես միշտ, կպատասխանեն, որ ինքնաթիռը Հայաստանում չէր գրանցված…»,- գրում է Վ. Պողոսյանը:

Ի դեպ ավելի վաղ InfoPort.am-ը հայտնել էր, որ Գալստյանը հանդիսանում է հայաստանում ռուսական ORSIS ընկերության մասնաճյուղի հիմնադիրը: Ով այդ ընկերության հետ է կապվում հայկական ԶՈՒ-ն ռազմականի փոխարեն որսորդական ջերմատեսիլ սարքեր մատակարարելու չկայացած գործարքը:

Оставьте комментарий