Գաղտնի ստուգայցեր՝ հանրապետությունով մեկ․ հակապատվաստումային քարոզ իրականացնող բժիշկները կարող են պատժվել

Առաջիկա օրերին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կարգադրությամբ բոլոր այն բուժաշխատողները, որոնք քաղաքացիներին կհորդորեն չպատվաստվել, որոշ ժամանակ սպասել կամ ընտրել այս կամ այն պատվաստանյութը, անմիջապես կհեռացվեն աշխատանքից․ այս մասին Factor.am-ին հայտնում են կառավարության աղբյուրները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր կարգավորումն իրականացվելու է հետևյալ կերպ․ տեսչական մարմնի աշխատակիցները քաղաքացիական հագուստներով ու առանց գրքույկների այցելելու են հիվանդանոցներ ու պոլիկլինիկաներ, հարցուփորձ են անելու պատվաստման վերաբերյալ։ Այն բժիշկը կամ բուժքույրը, որը դեմ կարտահայտվի պատվաստմանը, այսպես ասած, հակապատվաստումային հայտարարություններ կանի, կհեռացվի աշխատանքից։

Նշենք, որ այսօր արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1309 նոր դեպք և մահվան 30 դեպք։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն երեկ կառավարության նիստին ասաց, որ նման ցուցանիշը մտահոգիչ է և ակնարկեց առաջիկա օրերին սպասվելիք գաղտնի ստուգայցերի մասին։

Փաշինյանը դիմեց նաև իրավապահ մարմիններին՝ կոչ անելով խիստ միջոցներ ձեռնարկել: Նա ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը հանձնարարեց ձերբակալել այն բժիշկներին, որոնք, այսպես ասած, կեղծ պատվաստումներ են իրականացնում՝ տրամադրելով պատվաստման սերտիֆիկատներ, բայց իրականում դեղաչափը ոչ թե ներարկում են, այլ թափում։

Оставьте комментарий