Սեյրան Օհանյանը տվե՞լ է այդ հարցը Ռոբերտ Քոչարյանին. քար լռություն Քավանոյից հետո

«Ակնհայտ է, որ «Հայաստան» դաշինքի նպատակների մեջ է այն, որ Հայաստանի ղեկին լինեն համապատասխան մարդիկ, նոր իշխանություն, որը կարող է և ազատ բանակցել, և օգտագործել այն ամբողջ ներուժը, որ 27-30 տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել, և կազմակերպչական ունակությունների առումով կարող է արագ վերակազմավորել և երկիրը դուրս բերել հոգեբանական այս վիճակից ու ձևավորել անվտանգության համակարգը, հատկապես բանակը», հայտարարել է Հայաստան դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախկին նախարարին թերևս արժե հարցնել, թե արդյոք 27-30 տարիների ձևավորած ներուժ ասելով նկատի ունի նաև այն անձնական կարողությունը, որ կուտակել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից շատ շատերը՝ շքեղ դղյակների, թանկարժեք ավտոմեքենաների, անձնական հաշիվներում միլիոնավոր դոլարների, արտերկրում մեծածավալ բիզնեսների տեսքով:

Դա իհարկե հռետորական հարց է, իսկ նախկին պաշտպանության նախարարին նախորդ տարիների ներուժի առումով, որը նա դիտարկում է իրենց իշխանության պարագայում բանակցային ամրության հիմք, թերևս արժե բարձրաձայնել մի կոնկրետ հարց՝ «ի՞նչ տարածքային փոխանակման» մոդել է բանակցել Հայաստանի երկրորդ նախագահ, Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Հեյդար Ալիևի հետ, և ինչ է քննարկել կարգավորման գործընթացում այդ կապակցությամբ: Եթե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի արել այդպիսի բան, չի քննարկել, չի մասնակցել, ապա ինչո՞ւ չի կանգնում և հայտարարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Քավանոն՝ որի հետ Ռոբերտ Քոչարյանն աշխատել է բանակցային գործընթացում, օրեր առաջ սուտ է խոսել, ասելով, թե Հեյդար Ալիևն ու Ռոբերտ Քոչարյանն են «նախաձեռնել» տարածքային փոխանակման գաղափարը:

«Տարածքային փոխանակման» գաղափարը Հեյդար Ալիևի հետ քննարկելն ու օրակարգ բերելը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և՞ս դիտարկում է իր ներկայացրած քաղաքական միավորի և դրա առաջնորդի բանակցային «ներուժի» մաս: Սեյրան Օհանյանը տվե՞լ է այդ առնչությամբ հարց երկրորդ նախագահին, և ի՞նչ պատասխան է ստացել: Քավանոն ստո՞ւմ է, զրպարտո՞ւմ, թե՞ բացահայտում իրողությունները:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Оставьте комментарий