Քոչարյանն ու իր գլխավորած ուժը սպառնալիք են Հայաստանի ինքնիշխանությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում բնակվող արվեստագետ Սասուն Քոսյանը

-Պարոն Քոսյան, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ շատ փաստեր կան, որոնք վկայում են, որ պատերազմի ավարտը պլանավորված է եղել: Ինչպե՞ս եք գնահատում Քոչարյանի ակտիվացումը, նաև ակտիվ պայքար սկսելու հավակնությունները։

-Ռոբերտ Քոչարյանը հինգերորդ շարասյան կարկառուն առաջնորդն է: Նրա քաղաքական գործունեությունը մեծամասամբ պայմանավորված է դրանով, որը ենթադրում է իշխանությունը վերցնելու և ռևանշի օրակարգ: Իսկ մյուս մասը իր անձի և սեփականության պաշտպանությունն է արդարադատությունից: Այդ նպատակներին հասնելու համար նա կիրառում է զանազան մեթոդներ: Այդ մեթոդներից մեկն էլ դավադրությունների տեսություններ քարոզելն է:

Դրանում նա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը: Ընդհանրապես դավադրապաշտությունը նորություն չէ քաղաքականության մեջ, բայց այն, որպես կանոն՝ անցյալում բնորոշ է եղել լուսանցքային, փոքրաթիվ քաղաքական ուժերին ու խմբերին: Ցավոք սրտի, վերջին ժամանակաշրջանում դավադրապաշտությունը լուսանցքից ներխուժել է քաղաքական դաշտի կենտրոն: Դա հատուկ չէ միայն Հայաստանին, այլ ունի համաշխարհային բնույթ: Մի բան, որը չափազանց մտահոգիչ է, և արդեն իսկ խիստ վտանգավոր դրսևորումներ է ունենում:

Քոչարյանի մոտիվացիան հասկանալու համար դիտարկենք ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընդդիմադիր գործունեությունը: Ի թիվս բազմաթիվ խելագար, դավադրապաշտ տեսությունների՝ Թրամփն առաջ է քաշել դրանցից թերևս ամենավտանգավորը, որ իբր նա ընտրություններում չի պարտվել, այլ պաշտոնից հեռացվել է դեմոկրատների դավադրությամբ, որոնք կեղծել են նախագահական ընտրությունները: Թրամփի բազմաթիվ հետևորդներ համարում են, որ նա շարունակում է մնալ օրինական նախագահ, իսկ Բայդենը կեղծ նախագահ է:

Թե դա որքան վտանգավոր է, տեսանք հունվարի 6-ին, երբ դավադրապաշտ մտագարների ամբոխը ներխուժեց ԱՄՆ կոնգրեսի շենք՝ մի աննախադեպ խայտառակություն ԱՄՆ ողջ պատմության ընթացքում, որն ավարտվեց մարդկային զոհերով: Թրամփի համար կարևոր չէ, որ ոչ մի դատաքննություն ընտրակեղծիքներ երբևէ չի հայտնաբերել: Կարևոր չէ նաև՝ Թրամփն ինքը հավատո՞ւմ է այդ տեսությանը, թե ոչ: Կարևորն այն է, որ իր հետևորդներն են հավատում և այդ ալիքի վրա նա շարունակում է պայքարել իշխանության դեմ:

Վերադառնալով հայաստանյան իրականություն՝ մենք էլ ունենք մեր բաժին խայտաբղետ դավադրությունների տեսությունները և դրանց հավատացող ամբոխներ: Քոչարյանը ընտրություններում ձախողվելուց հետո փորձում է դավադրապաշտ ամբոխներին հավաքել իր ազդեցության տակ և օգտագործել իր քաղաքական նպատակների համար: Հայաստանում նրա առաջ քաշած դավադրություններին հավատացողներ կան, և այդ թույնը մարդկանց մտքերում հետևողականորեն տարածելու պարագայում մեզ մոտ նույնպես կարող են լինել վտանգավոր դրսևորումներ: Քոչարյանն ու իր գլխավորած ուժը սպառնալիք են ոչ միայն ժողովրդավարական կարգին, այլ Հայաստանի ինքնիշխանությանը:

–Կառավարությունը փոփոխություն է պատրաստել «Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ, որտեղ նախատեսվում է Սփյուռքի պարտատոմսերի թողարկման դեպքում իրականացնել դրանց նկատմամբ պահանջարկի ուսումնասիրություն և դրա հիման վրա պարտատոմսերի տեղաբաշխմանն ուղղված ֆինանսական գործիքի մշակմանն ուղղված և կիրառման վերաբերյալ առաջարկի ներկայացում: Դուք ինչպե՞ս եք սա գնահատում, և ի՞նչ կտա այն ընդհանրապես: Արդյոք այս առումով սփյուռքում կա՞ ոգևորություն։

-Երեսուն տարի է՝ փորձում ենք գտնել սփյուռքին ներգրավելու իդեալական բանաձևը՝ բարեգործություն, գործարարություն, բնակարան գնել, և այլն: Ոչ մեկն էլ առանձին վերցրած իդեալական լուծում չէ, բայց բոլորն էլ կարևոր են: Այդ շարքում ավելանում է սփյուռքի պարտատոմսերի բանաձևը, որը հետաքրքիր նորարարություն է: Այն հնարավորություն կտա սփյուռքահային ներդրում ունենալ Հայաստանի զարգացման մեջ՝ առանց բիզնես ունենալու Հայաստանում, որը շատ ավելի բարդ է ու շատերին անհասանելի, քան պարտատոմս ձեռք բերելը: Առայժմս խանդավառություն կարծես թե չկա, բայց գոնե տեսականորեն բազմաթիվ սփյուռքահայերի հավանությանը պետք է որ արժանանա, երբ պարզ կլինի թե դա կոնկրետ ինչ է: Դրա հաջողությունը կախված է մի շարք հանգամանքներից. ի՞նչ ուղղություններ են ֆինանսավորվելու, որքան ժամանակով և ինչ պայմաններով, որքանով է այն լինելու թափանցիկ, ո՞րն է նվազագույն շեմը, և այլն:

Սփյուռքին ներգրավելու որքան շատ ֆորմատներ լինեն, այնքան շատ մարդիկ կարող են մասնակցել: Բարեգործությունը նույնպես շատ կարևոր է և չպետք է ետին պլան մղվի, հատկապես հիմա: Հիշու՞մ եք ինչ խանդավառությամբ էինք կառուցում Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը: Յուրաքանչյուր հայ կարող էր հպարտությամբ ֆինանսավորել ճանապարհի ինչ որ հատված՝ մեկը մեկ մետր, մյուսը մեկ կիլոմետր, մյուսը երեսուն սանտիմետր: Այդպես միասնական կառուցեցինք կյանքի ճանապարհը:

Կարծում եմ թե ավանդական բարեգործությունը, և թե պարտատոմսերի նորամուծությունը կարող են ունենալ մեծ հաջողություն, եթե պետությունը ունենա հստակ մշակված ծրագրեր երեք հիմնական ուղղությամբ. Պաշտպանություն, Գիտություն, Բնակչության աճի խթանում
Պատկերացրեք ինչպիսի խանդավառությամբ կարող ենք բոլորս մասնակցել այդպիսի ծրագրերի:

Մեկը կարող է իր լուման ունենալ տասը փամփուշտ ձեռք բերելու մեջ, մյուսը մեկ մետր խրամատ կահավորելու, մյուսը մեկ գիտական ծրագրի օժանդակելու, մյուսը երեք ԱԹՍ-ի արտադրության, մյուսը մեկ բազմազավակ ընտանիքի օժանդակելու, և այլն: Յուրաքանչյուրն ըստ իր կարողության: Սփյուռքը ունի շատ ավելի մեծ պոտենցիալ, քան օգտագործվում է: Դա մենք տեսանք 44-օրյա պատերազմի ժամանակ: Այս երեք նպատակային ուղղությունների կարևորությունը հասկանում է ողջ հայությունը: Ցանկության դեպքում կարող ենք հսկայական ֆինանսական հոսքեր ապահովել և հզորացնել Հայաստանը:

-Տեսակետ կա, որ աշխարհում փոխվում է Հայաստանի և Հայ դատի հետ կապված հարցերի առաջ մղումը։ Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը փոխարինվել են Հայաստանի անվտանգության և Արցախի հիմնահարցերով։ Ի՞նչ դիտարկում ունեք դուք։

-Դա հետաքրքիր տեսակետ է, բայց համոզված չեմ, որ ամբողջովին այդպես է: ԱՄՆ-ի ճանաչումից հետո ցեղասպանության հարցը այլևս տաբու չէ, և դրա արդյունքում խնդիրը միջազգայնորեն ավելի հանրաճանաչ է դարձել: Բայց իմ կարծիքով Հայաստանի անվտանգությունը և Արցախի հիմնահարցը անմիջական կապ չունեն ցեղասպանության ճանաչման հետ: Ինչպես նախկինում, հիմա էլ պետությունները հետապնդում են իրենց շահերը, և երբ դրանք համընկնում են Հայաստանի շահերին, տեսնում ենք հետաքրքրություն մեր հիմնախնդիրների նկատմամբ: Ցեղասպանության ճանաչումը նույնպես կարող մտնել ընդհանուր քաղաքական շահերի մեջ:

–Սփյուռքն այս իրավիճակում ինչպիսի՞ դերակատարություն կարող է ունենալ Հայաստանի՝ այս իրավիճակից դուրս բերման հարցում, Հայաստան–Սփյուռք հարաբերությունների ներկա փուլն ինչպե՞ս եք գնահատում։

-Ամենաառաջնային խնդիրը այս պահին Հայաստանի անվտանգությունն է, որը կախված է Հայաստանի տնտեսական վիճակից: Իմ կարծիքով սփյուռքը պետք այս երկու հարցերը դարձնի առաջնային և սերտորեն համագործակցի Հայաստանի հետ:

Սփյուռքը պետք է լինի Հայաստանի ձեռքերն ու ոտքերը դրսում: Դա կարող է լինել շատ ավելի արդյունավետ համագործակցություն, քան կա: Դա չի նշանակում, որ սփյուռքը պետք է պարզապես Հայաստանից ստացված կարգադրություններով գործի: Բոլորովին էլ ոչ: Ինչպես նախկինում այս մասին խոսել ենք, սփյուռքը կարող է խորհրդակցական դեր ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության ձևավորման և արտաքին գործարար հարաբերությունների ուղղությամբ, իսկ որոշ հարցերում, օրինակ՝ լոբբիստական ասպարեզում նույնիսկ առաջնորդել:

Այս փուլում սփյուռքում տրամադրությունները տարբեր են և որոշակի չափով կապված են Հայաստանի ներքաղաքական հակասությունների հետ: Որոշ շրջանակներ ներկուսակցական պայքարը տեղափոխել են սփյուռք: Ինչ խոսք, դա էլ է բնական և շատ հարցերում անհրաժեշտ: Ցանկացած սփյուռքահայ տիրոջ իրավունքով կարող է Հայաստանի ներքաղաքական հարցերում ունենալ ցանկացած դիրքորոշում: Բայց, օրինակի համար, Հայաստանի նորանշանակ դեսպանի դեմ ընթացող արշավը անհասկանալի է, հաշվի առնելով որ դեսպանը նոր է և չի էլ հասցրել իրեն դրևորել: Չեմ տեսնում, թե դա որևէ օգուտ կբերի մեր պետությանը:

Оставьте комментарий