Սա պատերազմ չէր, խեղկատակություն էր։ ի՞նչ մարտական ոգի, եթե պատերազմող երկրիդ ռեստորանները ու սաունաները ծեփ էին … Նարեկ Բեկթաշյան

Նարեկ Բեկթաշյանն իր էջում գրել է.

Պատերա՞զմ, չէ՛, սա պատերազմ չէր, սա խեղկատակություն էր։ Ո՞վ է տեսել, որ պետության մի ծայրին տղաները արնաշաղախ կռիվ տան, մյուս ծայրում՝ տղաները սրճարանում և ռեստորաններում նստած լինեն։

Ասում եք՝ մեր զինվորի մարտական ոգին, սակայն ի՞նչ մարտական ոգի, եթե պատերազմող երկրիդ ռեստորանները, սրճարանները և սաունաները ծեփ էին, չէ՞ որ էդ նույն խրամատում կանգնածները ներքուստ հասկանում էին իրավիճակի անլրջությունը։

Թե բա՝ տնտեսությունը չպետք է կանգնի։ Տնտեսությունը չկանգնեց, սակայն դրա փոխարեն եռաբլուրում 1000-ավոր զոհերի դրոշներ կանգնեց, մեր հողերի վրա թշնամու դրոշներ կանգնեց։ Եվ ի՞նչ փոխվեց մեր կյանքում այդքան տված զոհերից հետո, այդքան կորցրած հողերից հետո։

Հակիրճ ասեմ, ոչինչ, ոչ մի բան չփոխվեց։ Չնայած, մի բան նկատել եմ, որ փոխվեց։ Դեռ որ նոր էր պատերազմը ավարտվել, բոլորը ոտնկայս էին զինվորի և բանակի կենացը խմում։

Էս վերջերս նկատել եմ, որ սկսել են էլի նստած խմել։ Ալարում են, ալարում են հետևները աթոռից կտրեն։ Բա որ էդ տղաներն էլ ձեր նման ալարկոտ լինեին… Բա որտե՞ղ էիք էդ կենացները խմելու։

Տղամարդկանց մի տեսակ կա, որ իրենց մասնակցությունը հայկական բանակին զուտ կենաց խմելն ա եղել։ Իսկ իրենք գիտեն, թե շատ կարևոր գործ են անում։ Մոնթեն քիչ ապրեց այս ազգի հետ, սակայն հասցրեց հասկանալ ու ասել՝ իմ կենացը մի՛ խմեք, այլ իմ գործը շարունակեք։

Մոնթեի գործը չենք շարունակում, էլի ու էլի միայն կենաց ենք խմում, այն էլ ոչ թե կանգնած, այլ նստած, ալարում ենք կանգնենք, իսկ եռաբլուրում մեր զոհերի դրոշներն է կանգնած, իսկ մեր հողերի վրա՝ թշնամու դրոշներն ա կանգնած։

Оставьте комментарий