Հայաստանը քովիդի վառվող կարմիր գոտում է. հնարավոր է՝ այլ երկրներ սահմանափակեն ՀՀ քաղաքացիների մուտքն իրենց երկիր

Կորոնավիրուսային հիվանդությունը գնալով ավելի է սրվում Հայաստանում: Ունենք շուրջ 50 տոկոս դեպքերի աճ, վարակի վերարտադրողական ցուցանիշը 1 տոկոսից բարձր է:

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

Նրա խոսքերով՝ մեզ մոտ հիվանդության ցուցիչը 475 է: Հիվանդացությունը բոլոր մարզերում բարձր է: Վիրուսը թիրախավորում է 35-50 տարեկան անձանց, վիրուսով հոսպիտալացված երեխաներ կան նաև, որոնք այս պահին բուժում են ստանում: Հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված, մահճակալային ֆոնդը սպառված է:

Այս ամենին զուգահեռ Հայաստանը գտնվում է Եվրամիության կորոնավիրուսային հիվանդության ցուցակի վառվող կարմիր գոտում: Իսկ դա նշանակում է, որ միգուցե որոշ երկրներ սահմանափակեն Հայաստանի քաղաքացիների մուտքը:

«Մենք 2 ամիս է, ինչ գտնվում ենք կարմիր վառվող գոտում: Եվրամիության չափանիշները խիստ են. այն երկրները, որոնք ունեն դրական թեստերի 4 տոկոսից ավելի մասնաբաժին, նաև մահացության ցուցանիշներն են բարձր, հայտնվում են կարմիր, կանաչ, կամ ավելի վառվող կարմիրում, նարնջագույն գոտում: Մեզ մոտ դրական թեստերի մասնաբաժինը 13 տոկոս է, հիվանդացության ցուցիչը 475 է: Բայց եթե հիվանդության ցուցիչը դառնա 500, տվյալ երկիրը հայտնվում է առավել վառվող կարմիր գոտում: Հնարավոր է՝ այլ երկրներ սահմանափակեն ՀՀ քաղաքացիների մուտքը իրենց երկիր»,- ասաց նա:

Մերի Խաչատրյան

Оставьте комментарий