Արյունահեղության կոչ արած Սայաթ Շիրինյանի գործը դատարանում է. այն կքննի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը

Բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար մեղադրվող Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության նախկին պետ Սայաթ Շիրինյանի գործը սեպտեմբերի 27-ին մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։ Այս մասին տեղեկանում ենք «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգից։      

Հիշեցնենք, որ ՔԿ-ն 2021 թվականի դեկտեմբերի 23-ին հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Շիրինյանը Facebook սոցցանցում առերևույթ բռնության կոչեր պարունակող գրառում է արել՝ ուղղված օգտատեր Սուսաննա Ավշարյանին։ «Սուսաննա Ավշարյան, եթե ես լինեի շարժումն առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի»,- գրել էր Շիրինյանը։

Գրառում կատարելու դեպքի առթիվ դեկտեմբերի 22-ին հարուցվել էր քրեական գործ, և Շիրինյանը ձերբակալվել էր։ Դեկտեմբերի 25-ին դատարանը նրա ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչել, և խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Հիշեցնենք նաև, որ Շիրինյանը ԱԺ ընտրություններում «Հայաստան» դաշինքի 40-րդ համարն էր։ Ոստիկանության միջին օղակում աշխատած Սայաթ Շիրինյանը, ըստ իր ներկայացրած հայտարարագրի, ունի 3 անշարժ գույք Երևանում՝ 2 բնակարան և 1 ավտոտնակ: Որպես շարժական գույք նա հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ 2011 թվականի «Toyota Avensis ZRT271» և 2016 թվականի «Lexus RX 450h»:

Վերջին 1 տարում Շիրինյանը ընդամենը 1 մլն 716 հազար դրամ կենսաթոշակ է ստացել: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, սակայն, նա ունեցել է 250 մլն դրամ, 150 հազար եվրո և 750 հազար դոլար:

Մերօրյա Կորեյկոն այդպես էլ չի բացահայտել հանրության համար, թե ինչպե՞ս է կարողացել պետական աշխատավարձով դոլարային միլիոնատեր դառնալ՝ առանց կոռուպցիայի։

Գեղամ Ադյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий