Աջափնյակում մետրո կկառուցվի՝ կրկնակի նշանակության կամուրջով

Ռուսական առաջատար «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը հաղթել է Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, տնտեսական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի պատվավոր շինարար Վալերի Աբրամսոնը։ 
Միևնույն ժամանակ, ընկերությունը Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։ Ծրագրին շահավետ պայմաններով պատրաստ է աջակցել Արտահանման վարկերի ապահովագրությա ռուսական գործակալությունը։ 

«Նախագծման աշխատանքները 1.5 տարի կտևեն, սակայն եթե նախարարների կաբինետը հավանություն տա առաջարկին, մենք ավելի ակտիվ և դիվերսիֆիկացված կաշխատենք նախագծումը մի քանի փուլի բաժանելու և տարատեսակ շինարարական աշխատանքները սկսելու համար։ Այդ դեպքում շինարարությունը կարող է մեկնարկել տարվա ընթացքում»,– նշեց Աբրամսոնը։ 

Գործարարը հայտնեց նաև, որ հայկական կողմից առաջարկվել է ձևափոխել մրցույթի նախագիծն ու Հրազդանի կիրճի վրայով անցնող մետրոյի կամրջի փոխարեն կառուցել նաև մեքենաների համար նախատեսված հնարավորություն ունեցող կրկնակի նշանակության կամուրջ։ 

«Մեր ճարտարապետներին խնդրեցի գեղեցիկ երկհարկանի կամուրջ նախագծել, որպեսզի այն կարողանա դառնալ Երևանի նոր խորհրդանիշը», – պատմեց նա։ 
Բացի այդ, ընկերությունը ծրագրում է հայ մասնագետների ներգրավել շինարարության մեջ, ինչպես նաև բացել նոր աշխատատեղեր և ոչ միայն։ 

Աբրամսոնը հիշեցրեց, որ «Մետրոգիպրոտրանսը» հիմնադրվել է 1933 թվականին, ընկերության փորձառու մասնագետները նախկինում մասնակցել են Երևանի մետրոպոլիտենի նախագծմանը, և այժմ նրանք անհամբեր սպասում են` երբ են սկսելու աշխատել նախագծի վրա։ «Մենք պատրաստ ենք գեղեցիկ և լավ կազմակերպված մետրո կառուցել, սակայն որոշումը պետք է կայացնեն քաղաքն ու իշխանությունները», – ասաց ճարտարապետը։ 

«Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը նշեց նաև հայկական սփյուռքի և Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի դերը, որն օգնել է հաղորդակցություն հաստատել Մոսկվայի և Երևանի միջև։ Նրա ջանքերի շնորհիվ հաջողվեց համաձայնեցնել նախագծերը ՀՀ իշխանությունների հետ և կապեր հաստատել նախաձեռնությամբ հետաքրքրված ներդրողների հետ։ 

Կարդալ նաև

Оставьте комментарий