Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը մանդատը վայր դնելու որոշում է կայացրել։ Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց նույն խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը:
Հարցին՝ ի՞նչն է եղել պատճառը, Խամոյանը նշեց՝ անձնական է:
Ազգային ժողովիցից էլ մեզ փոխանցեցին, որ Սեդրակյանի մանդատը վայր դնելու դիմումը դեռևս չեն ստացել։

Ըստ դաշինքի՝ ավելի վաղ ներկայացրած ցուցակի՝ հաջորդը պատգամավորական մանդատը պետք է ստանա Առուշ Առուշանյանը, որը հիմա կալանավորված է: Հիշեցնենք, որ նրա գլխավորած «Առուշ Առուշանյան» դաշինքը հոկտեմբերի 17-ին Գորիսում կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ գրանցեց:
«Հայկական ժամանակը» կապ հաստատեց նաև Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի հետ՝ պարզելու՝ վերջինս վերցնելո՞ւ է պատգամավորական մանդատը, թե՞ ցանկանում է պաշտոնավարել Գորիսում, ինչին ի պատասխան՝ Ալեքսանյանը հայտնեց, որ երեկոյան հանդիպելու է Առուշանյանի հետ և հետագա քայլերի մասին հանդես կգա հայտարարությամբ։

Նշենք, որ եթե Առուշանյանը որոշի չվերցնել պատգամավորական մանդատը, հաջորդը, ըստ ցուցակի, Ասպրամ Կրպեյանն է՝ ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը։
Անյուտա Աթանեսյան