Հայկական պետականության «լիկվիդացիայի» չբավարարված շահառուները

Օրերս ապօրինի սեփականության բռնագանձման գործով առաջին հայցն ուղարկվեց դատարան, որի «թիրախում» է ԱԱԾ նախկին մի սպա, գնդապետ, որի վերաբերյալ պետությունը ներկայացնում է ապօրինի դիտվող կամ ապօրինի ծագումով մոտ 1 միլիոն դոլարի սեփականության բռնագանձման հայց: Սա փաստորեն բավականին աղմուկ հանած մեխանիզմի կիրառման առաջին դեպքն է, որի առնչությամբ իհարկե պետք է հարգենք անմեղության կանխավարկածը, քանի որ գործը քննվելու է դատարանում:

Տվյալ պարագայում թերևս արժե ուշադրություն դարձնել երևույթի վրա ավելի լայն և խորը իմաստով: Ի վերջո, անկասկած է մի բան, որ չնայած ընդունված և արդեն կիրառության մեջ մտած մեխանիզմի առկայությանը, Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո խոշոր հաշվով այդպես էլ չի ձևավորվել կարևորագույնը՝ նախահեղափոխական ավելի քան երկու կամ երեք տասնամյակի ընթացքում կապիտալի կուտակման գործընթացների հանդեպ մոտեցման փիլիսոփայությունը, արժեհամակարգային հիմքը, առանցքը, որի շուրջ պետք է ձևավորվի հանրային վերաբերմունքը կամ պետք է ծավալվեր հանրային վերաբերմունքի ձևավորման գործընթացը:

Ի վերջո, անկասկած է մի բան, որ կա ձևավորված խոշոր կամ անգամ մանր սեփականության հանդեպ հանրային լայն անվստահության խնդիր, բայց միաժամանակ էլ կա խնդիր սեփականության վերաբաշխման զգայական և հուզական պահանջները կառավարելու և երկրում «կուլակաթափության» վտանգավոր մթնոլորտ չձևավորելու համար, քանի որ դա կարող է առաջացնել այնպիսի ապակայունություն, որը կլինի քաղաքացիական բախման պարարտ միջավայր: Իսկ այդ մրջավայրը ստանալու, կամ այդ բախումը հրահրելու ուղղությամբ աշխատում են ոչ միայն ներքին, այլ ինչն ավելի կարևոր է՝ արտաքին մի շարք ազդեցիկ տնտեսա-քաղաքական խմբեր, որոնք առ այսօր չեն մարսել հայկական թավշյա հեղափոխությունը, մասնավորապես այդ հեղափոխության անարյուն բնույթը:

Ու, թեև այդ խմբերի ջանքով նաև Հայաստանի և արցախի դեմ հնարավոր, «իրացվելի» դարձավ պատերազմի սցենարը, այդուհանդերձ կասկածից վեր է, որ նրանց պատկերացումներում սցենարը կիսատ է, ըստ այդմ ընդհուպ արյան գնով կանգ չեն առնի այն ամբողջապես իրագործելու՝ հայկական պետականությունը միջազգային իրավունքի քարտեզից իսկապես լիկվիդացնելու ծրագրի առաջ: Ի վերջո, այստեղ խնդիրը ոչ միայն ենթադրությունների դաշտում է, այլ այդ կապակցությամբ գրեթե բառացիորեն ուղիղ հնչող մտքերի, որոնց կարող ենք հանդիպել Ռուսաստանի փորձագիտական, մեդիա տիրույթներում, այնտեղ հնչող քննարկումներում, որոնց մասնակիցները, այդ թվում «յան» վերջավորությամբ ազգանուններով, ամենևին չեն խորշում բաց տեքստով արտահայտել Հայաստանը լիկվիդացնելու ռազմավարության և մտադրությունների առկայությունը: Մտադրություններ, որոնք թերևս լիուլի սնուցվում են նաև ադրբեջանա-թուրքական տիրույթից: Այստեղ ստացվում է բավականին երկակի պատկեր:

Բանն այն է, որ Հայաստանում անկախության շրջանում խոշոր կապիտալի ձևավորումը և բաշխվածությունը այսօր այնպիսին է, որ իր զգալի մասով դրա կրող շրջանակների ամբողջությունը կամա, թե ակամա հայտնվել է հենց հայկական պետականության լիկվիդացիայի ռազմավարությանը սպասարկող դիրքում: Մյուս կողմից սակայն, կապիտալի այդ բաշխվածության խնդիրը արմատական մեխանիզմով լուծելու հանգամանքը կարող է ծառայել ոչ թե վտանգի կամ ռիսկի օջախը չեզոքացնելուն, այլ որոշակի կարևոր բալանս փլուզելուն, ինչը կունենա բացարձակ հակառակ էֆեկտ, ավելացնելով ոչ թե հայկական պետականության ամրության, այլ լիկվիդացիայի ռազմավարության հետևորդների դիրքերը:

Այստեղ է, որ խնդրիը պահանջում է լուծում նախ փիլիսոփայության, արժեհամակարգային բանաձևման, հետո արդեն տարաբնույթ գործիքների կիրառման մակարդակում: Ի վերջո, որքան էլ լավը կարող են լինել այս կամ այն խնդրի լուծման գործիքները, գլխավորն այն է, թե ում ձեռքում են դրանք և ինչ կա գլխում՝ որ կառավարում է այդ ձեռքերը:

Այդ իմաստով, ռազմավարական առումով թերևս առանցքային լուծումը Հայաստանում կապիտալի դաշտում ներկայացուցչականության ընդլայնումն է և նոր բալանսը հենց դրա վրա կառուցելը: Այդ խնդրի շուրջ պետք է համախմբվեն բոլոր այն շրջանակները, որոնք՝ անկախ քաղաքական գաղափարական և այլ հայեցակարգային տարակարծություններից, որևէ տարակարծություն չունեն հայկական սուբյեկտության պահպանման և ամրացման հարցում:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Կարդացեք նաև

Оставьте комментарий