Ի վերջո, ինչ են պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանը և Հեյդար Ալիևը

Խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավորը Հայաստանի և Արցախի շուրջ առկա մարտահրավերների վերաբերյալ արտախորհրդարանական հարթակում մի քննարկման ժամանակ հայտարարել է, որ կան լրջագույն մարտահրավերներ, սակայն իշխանությունը զբաղված է այդ կարևոր հարցերը քննարկելու փոխարեն երկրորդական խնդիրներ արծարծելով: Այս բնորոշումը իհարկե շատ վաղուց Հայաստանի ներքաղաքական կյանքի համար դարձել է ունիվերսալ: Նույն կերպ տարիներ առաջ իշխանությանը քննադատում էր ներկայիս իշխանություն, երբ ընդդիմություն էր, իսկ Արմեն Ռուստամյանն ու իր կուսակցությունը՝ իշխող կոալիցիայի մաս:

Բայց մի բանում Ռուստամյանն իսկապես իրավացի է՝ Հայաստանի և Արցախի շուրջ կան լրջագույն մարտահրավերներ, թեև դրանք կան ոչ թե հիմա, այլ կային տարիներ շարունակ: Պարզապես, երբ Ռուստամյանը կոալիցիոն իշխանության ներկայացուցիչ էր, գերադասում էր այդ մարտահրավերների մասին չխոսել գերադրական տոնայնությամբ, օրինակ՝ Սերժ Սարգսյանին չհարցնել, թե ինչու է Ստեփանակերտում 2016 թվականի հուլիսին խոսել Կարսի օրինակով Ստեփանակերտը կորցնելու մասին՝ եթե չհամաձայնենք Ադրբեջանին հանձնել տարածքները:

Իհարկե այդ հարցադրումների առումով կարելի է ժամանակի մեջ հետ գնալ ավելի, քան միայն 2016-ը: Եթե այդ ժամանակ իշխանությունը տնօրինող ուժերը լինեին միջազգային զարգացումներին համարժեք և ներհայաստանյան օրակարգը ձևավորեին ըստ դրա, դրա համաձայն հարաբերվեին հանրության հետ՝ սկսած ներքին խնդիրներից մինչև արտաքին, ապա Հայաստանը բոլորովին այլ վիճակում կլիներ ոչ միայն 2021-ին կամ 2020-ին, այլ հենց 2016-ին կամ 2018-ին: Սակայն, իհարկե այդքան էլ արդյունավետ չէ անընդհատ, միշտ հետ գնալը, թեև շատ հաճախ առաջ գնալու համար իրավիճակը ուղղակի պահանջում է նայել հետ և փորձել ստանալ հարցերի պատասխաններ, որոնք կօգնեն դիմակայուն լինել ապագայի համար:

Եվ ահա, այդ տեսանկյունից, Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերների լրջությունից խոսող «Հայաստան» դաշինքի պատգամավորը իշխանությանը մեղադրելով երկրոդական հարցերով զբաղված լինելու համար, գուցե ցույց տար օրինակ և զբաղվեր առաջնային հարցերով, սակայն կոնկրետ՝ պարզապես ահազանգ հնչեցնելու փոխարեն:

Հիմա բոլորն են շատ լավ պատկերացնում, թե ինչ լրջագույն և բախտորոշ փուլում է թե Հայաստանը, թե ռեգիոնը, և թե աշխարհն ընդհանրապես: Դրա համար կարիք չկա լինել պատգամավոր, քաղաքական ուժի ներկայացուցիչ:

Քաղաքական ուժի ներկայացուցչից այժմ պահանջվում են կոնկրետ գործեր, և ապագայի համար Հայաստանի և Արցախի դիրքերի հարցում մի կոնկրետ գործ կարող է լինել այն, որ Արմեն Ռուստամյանն իր ներկայացրած դաշինքի առաջնորդից ի վերջո հարցնի, թե ի՞նչ է խոսել քսան տարի առաջ Հայր Ալիևի հետ այսպես ասած տարածքային փոխանակման գաղափարի մասին, որ դրան առ այսօր հղում է անում ոչ միայն որդի Ալիևը, այլ նույնիսկ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Քի Վեսթի քննարկումների մասնակից Քերի Քավանոն, չմանրամասնելով դա այն պատճառաբանությամբ, որ կխանգարի ապագայի խաղաղ կարգավորմանը:

Այդ ի՞նչ էր քննարկել Ռոբերտ Քոչարյանը Հեյդար Ալիևի հետ, որի մանրամասները բարձրաձայնելը կարող է դիտվել հետագա գործընթացին խանգարող հանգամանք: Որպես Հայաստանի և Արցախի անվտանգությամբ մտահոգ գործիչ, Արմեն Ռուստամյանը հարցրե՞լ է դա իր առաջնորդից, և ի՞նչ պատասխան է ստացել:

Ռոբերտ Քոչարյանն առ այսօր չի արձագանքել Քերի Քավանոյին, չի ասել, որ Քավանոն ստում է, երբ ասում է, որ տարածքների փոխանակման գաղափարը հեղինակել են հայր Ալիևն ու Ռոբերտ Քոչարյանը:

Կարդացեք նաև

Оставьте комментарий