Դրանից հետո պետական գաղտնիքը չի խանգարի որևէ բանի

ԱԱԾ-ը պարտավոր է պատգամավորներին տրամադրել պետական գաղտնիքի ամբողջական հասանելիություն, խորհրդարանում հայտարարել է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը, որը արդեն մի քանի անգամ չի ընտրվում ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ:

Պետական գաղտնիքին պատգամավորների ամբողջական հասանելիության իրավունքի հարցը ինքնին բավականին բարդ հարց է, ցանկացած պարագայում, աքսիոմատիկ իմաստով: Ընդհանրապես պետք է հասկանալ, կա՞ որևէ երկիր, որտեղ խորհրդարանի պատգամավորն ունի պետական գաղտնիքին ամբողջական հասանելիություն:

Բանն այն է, որ պետական գաղտնիքին որևէ պատգամավորի ամբողջական հասանելիության պարագայում նրան առնվազն պետք է տրամադրվի պետության առաջին դեմքին հավասարազոր անվտանգային ծառայություն,  որը նրա հետ կտեղաշարժվի ամենուր, որովհետև պետական գաղտնիքը պետք է ունենա համարժեք պետական պահպանություն: Հենց միայն այդ հանգամանքը արդեն իսկ ցույց է տալիս այդօրինակ պահանջի մեղմ ասած անհամարժեքությունը պետական կյանքի տրամաբանությանը:

Սակայն, կա մի հանգամանք, որն ինքնին ավելի դյուրացնում է հարցը կամ դրա պատասխանը: Հայաստանի ներկայիս խորհրդարանի պարագայում պատգամավորներին հաստատ չի կարելի թույլ տալ պետական գաղտնիքի ամբողջական հասանելիություն: Ընդ որում, դրա պատճառները երկուսն են՝ պատգամավորների մի մասի քաղաքական բավարար հասունության ակնհայտ բացակայությունը, և պատգամավորների մի մասի՝ պետական շահը խմբային, կուսակցական հետաքրքրություններից վեր դասելու ակնհայտ հակվածությունը:

Ընդդիմությունը, որ ներկայացված է այսօր խորհրդարանում, առնվազն իր պատգամավորների մի զգալի մասով բազմիցս ցույց է տվել, որ բացարձակ հետաքրքրված չէ պետական շահի գերակայությամբ և հանուն քաղաքական կոնյուկտուրայի և նպատակների պատրաստ է օգտագործել անգամ հրապարակման, հանրայնացման ոչ ենթակա հանգամանքներ, քարոզչական դաշտում սեփական նպատակները սպասարկելու համար:

Հետևաբար, ամեն ինչ դառնում է շատ ավելի պարզ ու հեշտ՝ այդպիսի պատգամավորական կորպուսին պետական գաղտնիքը ոչ թե պետք է լինի ամբողջապես հասանելի, այլ պետք է լինի թերևս առավելագույնս անհասանելի և անմատչելի: Քաղաքական ընդդիմությունը պետական շահի պաշտպանության համար արդեն իսկ ունի բավարար գործիքակազմ հենց խորհրդարանական կարգավիճակի բերումով:

Գլխավորը ցանկության առկայությունն է, որովհետև այն լինելու պարագայում գործիքակազմը բավարար է անգամ առանց պետական գաղտնիքի ամբողջական հասանելիության: Պետական գաղտնիքի ամբողջական հասանելիությունից առաջ, նախ պետք է ձևակերպել պետական կարևորագույն խնդիրների հանդեպ քաղաքական ամբողջական դիրքորոշում, ստանձնել խորհրդարանական ընդդիմության կարգավիճակից բխող ամբողջական քաղաքական պատասխանատվություն այդ դիրքորոշումների համար: Դրանից հետո հազիվ թե լայն իմաստով որևէ բանի խանգարի որևէ գաղտնիք:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Оставьте комментарий