Սեյրան Օհանյանի հայտարարագիրն ու Վահագնի թաղամասի առանձնատան «գաղտնիքը»

Տարիներ շարունակ հայկական մամուլը գրել է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանի ունեցվածքի և հատկապես նրա առանձնատան մասին, ինչին ի պատասխան վերջինս մշտապես հերքել է նմանատիպ լուրերը։

Օհանյանը դեռևս 2017 թ․-ին մամուլի ասուլիսի ժամանակ հերքել էր Վահագնի թաղամասում առանձնատուն ունենալու մասին տեղեկությունը և պնդել, որ իր ունեցվածքի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում:

«Այդ տեղեկությունները, որոնք որ կան այսօր լրատվական դաշտում, իրականությանը չեն համապատասխանում։ Միայն մեկ ճիշտ բան կա, որ Վահագնի թաղամասում, իրոք, Վահագն Հովնանյանի կողմից տարիներ առաջ, կարծեմ 2008 թվականին, ինձ նվիրվել է 1 հողակտոր, որն այլևս իմը չէ»,- ասել էր Օհանյանն ու նշել, որ Վահագնի թաղամասում  վարձով է ապրում:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Օհանյանի ունեցվածքը և փորձել պարզել, թե ինչքանով են արժանահավատ պատգամավորի կողմից դեռևս տարիներ առաջ արված հայտարարությունները։

Առանձնատուն՝ ուրիշի անունով

Սեյրան Օհանյանը 2021 թ․ հունվարին բաց նամակ էր հղել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և նամակում որպես հետգրություն նշել, որ «ինքը և իր ընտանիքի անդամները Վահագնի թաղամասում որևէ շենք և շինության չեն տիրապետում»։

Այդ թաղամասում գտնվող առանձնատներից մեկի մասին, որը Օհանյանին էր վերագրվում, մամուլում տասնյակ հրապարակումներ են եղել։ Ներկայում այն ավարտին մոտ վիճակում է գտնվում։ 

Հայտնի առանձնատունը Վահագնի թաղամասում

FIP.am-ը դիմել է Կադաստրի կոմիտե՝ պարզելու առանձնատան սեփականատիրոջը:

Այսպես, ըստ Կադաստրից ստացված տվյալների, 2011 թ․ փետրվարին Վահագնի թաղամասում գտնվող հողատարածքը, որտեղ ներկայում կառուցված է նշված առանձնատունը, «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ից գնել է ոմն Զարուհի Տիգրանի Բադալյանը։ 

Հողամասը գտնվում է Վահագնի թաղամասի Քուչակի փողոց 2 հասցում և զբաղեցնում է 3700 քմ մակերես։ Հողամասի դիմաց գտնվում է «Շանթ» արհեստական լիճը։

Գնված հողատարածքը 2011 թվականին. Google Earth:

2011 թվականին 20-ամյա Զարուհի Բադալյանը հողամասը գնել է 160,000,000 դրամով, ինչը այն ժամանակվա փոխարժեքով կազմում էր շուրջ 438,860 դոլար։

Զարուհի Բադալյանը Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի քրոջ դուստրն է։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ ընտրողների ռեգիստրից։

Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ տարածքում առանձնատան շինարարությունը մեկնարկել է 2014 թվականին, և երկու տարի անց 2858 քմ մակերեսով 3 հարկանի առանձնատունն արդեն արտաքնապես պատրաստ էր։

Կոորդինատները՝ 40.220791,44.449674

Առանձնատունը լճի դիմաց

Հատկանշական է, որ 2018 թվականին՝ հեղափոխությունից հետո, մամուլում գրվեց, որ առանձնատանը շինարարությունը դադարեցվել է։ Դա են փաստում արբանյակային լուսանկարները, որոնցում ամիսների ընթացքում որևէ փոփոխություն չի եղել։
Առանձնատան արբանյակային լուսանկարները 2018 ապրիլից-2019 նոյեմբեր

Շինարարությունը շարունակվել է արդեն հաջորդ տարի՝ 2019-ի նոյեմբերին։ Միաժամանակ, նոյեմբերի 8-ին Սեյրան Օհանյանի քենու դուստրը՝ Զարուհի Բադալյանը, հողամասը և առանձնատունը նվիրաբերել է Ֆրանսիայի քաղաքացի, ոմն Ժան Պիեր Ֆովոյին։

Նվիրատվության պայմանագիրը 08/11/2019 թ․

Օրեր անց՝ նոյեմբերի 12-ին, արդեն նոր սեփականատեր Ֆովոն դիմել է Երևանի քաղաքապետարան՝ ինքնակամ շինության օրինականացման համար։ Հաջորդ տարվա ապրիլի 20-ին քաղաքապետարանը հաստատել և օրինականացրել է ինքնակամ կառուցված առանձնատունը՝ պարտավորեցնելով համայնքային բյուջե վճարել 6 միլիոն դրամ։

82-ամյա Ժան Պիեր Ֆովոն, համաձայն Կադաստր ներկայացրած փաստաթղթերի, Ֆրանսիայի քաղաքացի է, ծնվել է Ալժիրում և բնակվում է Խորվաթիայի Վիր կղզում։

Նույն օրը՝ նոյեմբերի 12-ին, Երևանի նոտարական տարածքում Ժան Պիեռ Ֆովոն առանձնատան գործերով իրեն ներկայացուցիչ է ընտրել Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանին, որը ներկայում դատարանում «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների» գործով Օհանյանի պաշտպանն է։ 

Այդ օրվանից սկսած՝ առանձնատան հետ կապված բոլոր գործերով որպես ներկայացուցիչ զբաղվել է Մեժլումյանը, և Ֆովոն այլևս փաստաթղթերում չի հիշատակվում։ 

Հատկանշական է, որ ըստ Կադաստրի կոմիտեից ստացած տվյալների՝ Հատուկ քննչական ծառայությունը 2020 թ․ մայիսի 21-ին դիմել է Կադաստր՝ խնդրելով տրամադրել առանձնատան կադաստրային գործը Թիվ 58158519 քրեական գործի՝ «Ձորա ՀԷԿ»-ի նախաքննության շրջանակում։ Հիշեցնենք, որ այս գործով Սեյրան Օհանյանն անցնում է մեղադրյալի կարգավիճակով։ 

Ըստ ՀՔԾ մամուլի հաղորդագրության՝ հիմք ընդունելով 2010 թ․ դեկտեմբերի 16-ին ՊՆ-ի կողմից մշակված կառավարության գաղտնի որոշման նախագիծը՝ ՊՆ-ն, որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմին, 3․6 մլրդ․ դրամով ՀԷԿ-ը և ընկերության ողջ գույքը օտարել է «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը, երբ շուկայական արժեքը կազմել է 4 մլրդ 646 մլն 400 հազ․ դրամ: Արդյունքում պետությանը 1 մլրդ 46․4 մլն դրամի վնաս է հասցվել։

Վարձով տուն՝ առանց վարձակալության պայմանագրի

Սեյրան Օհանյան բնակվում է Վահագնի թաղամաս, 3 տեղամաս, Արփա-30 հասցեում գտնվող «Արարատ-1» տիպի առանձնատանը։ 

Սեյրան Օհանյանի կողմից օգտագործվող առանձնատունը Վահագնիում

Շինությունն ունի 498.9 քմ մակերես և գտնվում է 1108 քմ հողատարածքում։ Հենց այս հասցեն էր Օհանյանը պատգամավորի թեկնածուի հայտարարագրում նշել որպես բնակության վայր։

FIP.am-ին Վահագնի թաղամասի վաճառքի բաժնից հայտնեցին, որ «Արարատ-1» բնակելի առանձնատան 1-ամսյա վարձակալության գինը սկսվում է 2500-3000 ԱՄՆ դոլարից, իսկ վաճառվելու դեպքում մեկնարկային արժեքը 550,000 դոլար է: 

Կոնկրետ Սեյրան Օհանյանի զբաղեցրած առանձնատունը, սակայն, պատկանում է ոչ թե «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ին, այլ ոմն Կարինե Բարսեղյանին: Ընդ որում, թեև Օհանյանը նախկինում բազմիցս հայտարարել էր, որ վարձով է բնակվում, Կադաստրի փաստաթղթերում բացակայում է վարձակալության պայմանագիրը։

Այս երկու առանձնատները, չնայած տարբեր տեղամասերում են, բայց գտնվում են իրարից 500 մետր հեռավորության վրա։

Կառուցվող և Օհանյանի վարձակալած առանձնատները Վահագնի թաղամասում

Իսկ ի՞նչ է հայտարարագրել

Որպես պաշտպանության նախարար պաշտոնավարման 10 տարիներից վերջին 3 տարվա ընթացքում Սեյրան Օհանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրել է 7 հայտարարագիր, որոնցում, սակայն, որևէ շարժական, անշարժ գույք կամ թանկարժեք գույք չի հայտարարագրել, իսկ վերջին՝ պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում ներկայացրել է 18 մլն․ դրամ դրամական միջոցներ (2011-ին՝ 11․5 մլն․)։

Իսկ արդեն ըստ 2021 թ․ հոկտեմբերին ներկայացրած՝ պատգամավորի պաշտոն ստանձնելու հայտարարագրի՝ ՊՆ նախկին նախարարը համասեփականության և սեփականության իրավունքներով տիրապետում է 5 բաժին հողամասի, որոնցից մեկի վրա նաև շինությունը դեռևս իրավունքների պետական գրանցում չի ստացել կամ ինքնակամ է։ Դրանք, ըստ հայտարարագրի, ձեռք են բերվել 1991 թ․-ին։

Ըստ ներկայացված հայտարարագրի՝ բոլոր 5 հողամասերը գտնվում են Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում, որտեղ էլ հենց գտնվում է Օհանյանի հայրական տունը։ Սա հաստատում են նաև Կադաստրից ստացված փաստաթղթերը, համաձայն որոնց՝ միայն Մրգաշենում Օհանյանը համատեղ սեփականության իրավունքով տիրապետում է 1 կտոր հողամասի և 1 առանձնատան, իսկ սեփականության իրավունքով՝ 3 հողամասի։ Այս հողակտորները միասին զբաղեցնում են ավելի քան 34,300 քմ (3․4 հա) տարածք։

Հատկանշական է, որ այս հողամասերից մեկը, որի մակերեսը կազմում է 2021.3 քմ,  Սեյրան Օհանյանին օտարվել է Մրգաշենի համայնքապետի 2021 թ․ մայիսի 23-ի N128 որոշմամբ՝ ընդամենը 13,650 դրամով։

Պատգամավորի թեկնածուի հայտարարագրում Օհանյանը որպես դրամական միջոց հայտարարագրել էր 2700 ռուբլի (մոտ 18 հազ․ դրամ)։ Իսկ արդեն պատգամավորի հայտարարագրում Օհանյանը նշել է 18 ռուբլի ավել՝ 2718 ռուբլի գումար։ 

Բացի այդ, Օհանյանը հայտարարագրել է նաև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող, որպես երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող, բայց փաստացի իր կողմից տնօրինվող 1 հողամաս և շինություն։ Շինությունը հայտարարագրում նշված է որպես դեռևս իրավունքի պետական գրանցում չստացած կամ ինքնակամ շինություն։

Շինության և հողամասի կոնկրետ հասցեն, դրանց մակերեսը և իրական սեփականատիրոջ տվյալները պաշտպանված են և հասանելի չեն, սակայն FIP․am-ի հետ հեռախոսազրույցում Սեյրան Օհանյանը հայտնեց, որ դա Վահագնի թաղամասում իր կողմից վարձակալվող առանձնատունն է, որը, սակայն, իրականում իր ընկերներն են իրեն անվճար տրամադրում և այդ պատճառով է, ոչ չկա կնքված վարձակալության պայմանագիր։

«Այդ տունը, որտեղ որ ապրում ենք հիմա, մեր ընկերոջ տունն է, և մեր ընկերը այն մեզ տրամադրել է, որ բնակվենք այնտեղ, մինչև մեր տան հարցը լուծենք։ Վարձակալություն չէ»,- ասաց Օհանյանը։

Ռուզաննա Խաչատրյանը

Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, առհասարակ չի ներկայացրել որպես պաշտոնատար անձի (պատգամավորի) ամուսին իր հայտարարագիրը։

Հայտարարագրերի ռեգիստրում նրա կողմից ներկայացված վերջին հայտարարագիրը 2015 թվականի է, որում, սակայն, Խաչատրյանը չի հայտարարագրել սեփականության և ընդհանուր սեփականության իրավունքով իրեն պատկանող Քանաքեռ-Զեյթուն, Ռուբինյանց փ․ 1 շ․ 1 հասցեով և Կենտրոն, Նալբանդյան փ․ 98 շ․ 4 հասցեով բնակարանները։ Բնակարանները ձեռք են բերվել 2002 և 2005 թվականներին։

Այսօր արդեն, համաձայն կադաստրային տվյալների, Խաչատրյանը չի տիրապետում որևէ անշարժ գույքի։ Ռուբինյանց փողոցի վրա գտնվող բնակարանը 2019-ի սեպտեմբերին նվիրատվությամբ փոխանցել է իր մայրիկին՝ Հասմիկ Մելիքյանին և Մարսել Չիլինգարյանին, իսկ Նալբանդյանի փողոցի բնակարանը 2021 թ․ հունիսին տարաժամկետ վճարման պայմանագրով վաճառվել է ոմն Կարինե Մարգարյանին։

Սեյրան Օհանյանի որդին՝ Արթուր Օհանյանը, ըստ Կադաստրի կոմիտեի տրամադրած տվյալների, համատեղ սեփականության իրավունքով տիրապետում է Մրգաշեն 6-րդ փողոց 38 հասցեում գտնվող առանձնատանը։

Օհանյանի տեսակետը

Պարզաբանումներ ստանալու համար FIP.am-ը կապ հաստատեց Սեյրան Օհանյանի հետ, որը մեր հարցին, թե ինչպես է իր կնոջ քրոջ աղջիկը՝ Զարուհի Բադալյանը 2011 թ․-ին գնել առանձնատուն 160 մլն․ դրամով պատասխանեց, որ տեղյակ չէ և անձնական հարցերին չի ցանկանում պատասխանել։ 

«Ես արդեն մեկ անգամ պատասխանել եմ, որ այդ առանձնատունը իմը չէ»,- հավելեց Օհանյանը։

Հարցին, թե 2021 թ․ պատգամավորի հայտարարագրով ներկայացված՝ Մրգաշեն գյուղում առանձնատունը և հողամասերը ինչու չէին արտացոլված 2013-2016 թթ․ հայտարարագրերում, պատասխանեց, որ պարզապես մոռացել էր։

«Այդ տունը իմ հայրական տունն է, որտեղ ես համատեղ սեփականատեր եմ։ Հողամասեր էլ կան, որ 1992 թվականին, երկու կտոր հող, տվել էին։ Գյուղում են եղել, որոնց մասին ես մոռացել էի և ներկայումս հայտարարագրել եմ, որովհետև հիմա նոր հայտարարագրերի ներկայացման կարգն է փոխվել և դրա համար գյուղի ու ծնողների հետ կապված հայտարարագրել եմ»,-ասաց Օհանյանը։

Նախկին ՊՆ նախարարը նաև հայտնեց, որ իր տեղեկություններով՝ իր կինը պատգամավորի ամուսնու հայտարարագիր ներկայացնելու հայտ նոր է ստացել և մեկամսյա ժամկետում այն կներկայացնի։

FIP.am-ը նաև կապ հաստատեց Ռուզաննա Խաչատրյանի քրոջ՝ Սոնա Խաչատրյանի հետ և հարցրեց, թե ինչ միջոցներով է իր դուստրը 160 մլն․ դրամով առանձնատուն գնել Վահագնի թաղամասում։ Հարցը լսելուց հետո տիկին Խաչատրյանը պատասխանեց, որ սա հեռախոսային զրույց չէ և չի ցանկանում մեկնաբանել, ինչից հետո միանգամից վայր դրեց խոսափողը։ 

Հայկ Հովհաննիսյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий