Ինչո՞ւ են ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը անտեսում Երեւանի հանդեպ ստանձնած դաշնակցային պարտավորությունները․

Նոյեմբերի 16-ի երեկոյան, հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետին խորհուրդ է տվել գրավոր օգնության խնդրանքով չդիմել եւ նման ընթացակարգ չսկսել:

Այս մասին «Ալիք Մեդիան» տեղեկացավ դիվանագիտական աղբյուրներից: Փոխարենը, 15 րոպե տեւած հեռախոսազրույցի ընթացքում ռուսական կողմը արել է այլ քայլ: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կապվել է իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ, որից հետո ռազմական գործողությունները դադարեցվել են Հայաստան-Ադրբեջան սահմանի Գորիս/Սիսիան-Քարվաճառ/Լաչին հատվածներում:

Երեկ Երեւանը բանավոր հայտարարության մակարդակով դիմել էր Մոսկվային՝ 1997 թվականից երկու երկրների միջեւ գործող պայմանագրի համաձայն պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, քանի որ Ադրբեջանը հարձակում էր գործել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա:

«Սա բանավոր դիմում է, որը նաեւ գրավոր ընթացակարգ է ունենալու, բայց մենք ուզում ենք հանրությանը եւ մեր գործընկերներին տեղեկացնել, որ այսպիսի գործընթաց ենք սկսում»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ռուսաստանից բացի՝ Հայաստանը բազմակողմ դիվանագիտության շրջանակում երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու եւ անվտանգության սպառնալիքներին դիմակայելու համար կարող է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ ՀԱՊԿ-ին, որի ողնաշարը Ռուսաստանն է:

Ամենայն հավանականությամբ, Հայաստանը օգնության իրավական գործընթաց չի սկսի նաեւ ՀԱՊԿ-ի դեպքում: Երեկ ռազմաքաղաքական այս կառույցի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը ՏԱՍՍ-ին ասել էր, որ ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետեւում է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին՝ ընդգծելով, որ առայժմ կազմակերպությունը Հայաստանից պաշտոնական որեւէ դիմում չի ստացել։

Ինչո՞ւ են ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը անտեսում Երեւանի հանդեպ ստանձնած դաշնակցային պարտավորությունները, երբ ակնհայտ են ադրբեջանական կողմի պարբերական ներխուժումները Հայաստանի ինքնիշխան տարածք: Որո՞նք են այն կարմիր գծերը, եթե կան, որոնցից անդին Ռուսաստանն այլեւս չի լռի:

Արդյոք տեղի ունեցող լոկալ բախումները մեծ պատկերի միայն մասնիկն են, որը, մեծ հաշվով, կարող է նաեւ սակարկության առարկա լինել Ռուսաստանի եւ Թուրքիայի/Ադրբեջանի միջեւ: Հիմքերն ու պատճառները կարող են բազմաթիվ լինել, ինչը վերլուծության թեմա է:

Կարդացեք նաև

Оставьте комментарий