Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել կաշառքի գործով․ նա որպես մեղադրյալ հրավիրվել է ՀԿ՝ հարցաքննության.

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ հրավիրվել է հարցաքննության մեզ մոտ, բայց թե որ գործի շրջանակում և ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածով՝ ավելի ուշ կհրապարակենք»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ 

Նշենք, որ առավոտյան Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառեց, որ ծանուցում է ստացել հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ Հր․ Մուշեղյանից այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ։ Ըստ փաստաբանի գրառման ՀՀ երրորդ նախագահին մեղսագրվող արարքը կապված է գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հետ, որի առնչությամբ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է 2 տարի առաջ:

«Եվ զավեշտն այն է, որ երեք ու կես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել», — գրել է փաստաբան Մակինյանը Ֆեսյբուքի իր էջում։
Նշենք, որ 2018 թ նոյեմբերի 2-իբն գործարար Սիլվա Համբարձումյանը ասուլիս էր հրավիրել և ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրել կաշառք վերցնելու մեջ (Քոչարյանի նախագահության օրոք)։

«Գործարքը ձևակերպել եմ արաբների հետ, և որպեսզի ինձ չխանգարեն, ես վճարել եմ և՛ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և՛ վարչապետ Սերժ Սարգսյանին, և՛ Արմեն Գևորգյանին», – ասել էր Համբարձումյանը։ Նրա խոսքով` խոսքը հանքարդյունաբերական ընկերության 100% բաժնետոմսերը արաբական շեյխերից մեկին վաճառելու մասին է։ Գործարքի գումարը 40 մլն դոլար է կազմել։

Նշենք, որ Համբարձումյանի բողոքի հիման վրա նախաձեռնած հետաքննության արդյունքում 2 ամիս ժամկետով կալանավորվել էր ՀՀ խոշոր գործարարներից մեկը` Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը։ Համարվում է, որ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից է։ ՀՔԾ–ն Մայրապետյանին մեղադրանք էր առաջադրել կաշառք ստանալու միջնորդության համար (ՀՀ ՔՕ հոդված 38-311)։

Համբարձումյանը նշել էր, որ Մայրապետյանը պարզապես միջնորդ է եղել։ «Ցանկացած խոշոր գործարքի մասին տեղյակ էին և՛ նախագահը, և՛ վարչապետը», – հայտարարել էր Համբարձումյանը։

Այդ ասուլիսի ժամանակ գործարարը հայտարարել էր, թե նոր գործեր կլինեն, որոնցում կհնչեն նաև նախկին վարչապետ և ԵՏՀ գործող ղեկավար Տիգրան Սարգսյանի և ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անունները․ «Ոչ մի հանք առանց նրանց մասնակցության չի վաճառվել»։

Նշենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը այդ ասուլիսի նախորդ օրը թերթերից մեկին հայտնել էր, որ 2008 թվականին 14 մլն դոլար կաշառք է տվել այն ժամանակվա բնապահպանության նախարար, ՀՀԿ պատգամավոր Արամ Հարությունյանին։

Մամուլում շրջանառվում է նաև տեղեկություն, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Գերմանիայի Բադեն Բադեն քաղաք կատարած չվերթների գործով, սակայն Civic.am-ի տեղեկություններով՝ Սարգսյանին մեղադրյալ ներգրավելը չի առնչվում այս գործին: 

Հիշեցնենք, որ այս տարի հոկտեմբերի 11-ին ՀՀ երրորդ նախագահի դեպի Բադեն Բադեն քաղաք կատարած չվերթների ուսումնասիրությամբ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ քրգործի Սերժ Սարգսյանին սպասարկող ինքնաթիռը բազմաթիվ չվերթներ է իրականացրել դեպի Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաք (Կարլսռուհե օդանավակայան), որոնցից մի մասի դեպքում չվերթները կազմակերպվել են սահմանված կարգի խախտմամբ՝ առանց Հայաստանի նախագահի աշխատակազմից նախապես ստացված գրավոր հայտերի: 

Նշենք, որ այս գործով Սերժ Սարգսյանը դեռևս դատավարական կարգավիճակ չունի: Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

Կարդացեք նաև

Оставьте комментарий