Ծուղակ, որ հյուսվում է Հայաստանում, իսկ Բաքվում՝ ոչ

Հայաստանի արտգործնախարարությունը հերքել է տեղեկությունը, թե նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի է ունենալու Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում: Այդ տեղեկությունը նոյեմբերի 22-ին հայտնվեց հայկական մամուլում, ինչ որ Բորիս Ավագյանին արվող հղումով:

Արտգործնախարարության մամուլի խոսնակը «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան նշել է, որ այդպիսի հանդիպման մասին որևէ պայմանավորվածություն չկա, լինելու դեպքում հանրությունը տեղյակ կպահվի: Խոսնակը նշել է, որ քննարկվում են հանդիպումների տարբեր ձևաչափեր: Ինչո՞ւ է Հայաստանի այսպես ասած ռուսամետ շրջանակների պատկանող մեդիայում հայտնվում այդպիսի տեղեկություն, առաջացնելով աժիոտաժ և բնականաբար պաշտոնական պարզաբանման անհրաժեշտություն, իսկ ադրբեջանական տիրույթում՝ ոչ:

Ավելին, ադրբեջանական տիրույթում տարածվում է Հայաստանի ԱԳՆ պարզաբանում-հերքումը, թե 26-ին լինելու է այդպիսի եռակողմ հանդիպում: Ընդ որում, հարցն այն չէ՝ լինելու, թե ոչ, այլ այն, թե ինչպիսի տեղեկատվական ծուղակներ են ստեղծվում Հայաստանի մեդիադաշտում, որոնք դառնում են Հայաստանի դեմ արդեն ավելի լայն հակաքարոզչության հիմք՝ այսպես ասած Երևանի հակառուսական քաղաքականության մասին: Հակաքարոզչություն, որի նոր ալիքը ծավալվեց այն բանից հետո, երբ տարածվեց տեղեկություն Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման պայմանավորվածության մասին:

Դրանից հետո թե ռուսական, թե ադրբեջանական մեդիատիրույթում սկսվեց այն մտքի գեներացիան, որ դա Երևանի այսպես ասած հակառուսական քաղաքականության ծիրում է, կարծես Ալիևին «զոռով» էին քարշ տալիս Բրյուսել: Սակայն, բանն այն է, որ ալիևյան տեխնոլոգիաները վաղուց են սերտաճած ռուսական փորձագիտական և մեդիադաշտի ահռելի մասի հետ՝ փոխշահավետ տրամաբանությամբ, և ձեռք-ձեռքի տված գործի անցան բրյուսելյան հանդիպման մասին տեղեկությունից հետո, այդպիսով փորձելով հավելյալ ճնշման տակ դնել Երևանը՝ տեղեկատվական, քաղաքական, հոգեբանական:

Այստեղ է թերևս հարցի պատասխանը, թե ինչու՞ օրինակ այդպիսի հանդիպումների մասին «արտահոսքերը» տեղի են ունենում հայաստանյան մեդիադաշտում, իսկ Բաքվում՝ ոչ, չառաջացնելով Ադրբեջանի ԱԳՆ պարզաբանումների անհրաժեշտություն: Միաժամանակ, այս իրողությունները հերթական անգամ ի ցույց են դնում Հայաստանում տեղեկատվական անվտանգությանն ու տեղեկատվական քաղաքականությանն ուղղված հիմնարար քայլերի անհրաժեշտությանը:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Կարդացեք նաև

Оставьте комментарий