Հին արժեքների վերադարձը Հայաստանի կործանման սկիզբը կլինի․

Երբ հայտարարություններ են հնչում, որ ազգովի պետք է համախմբվել, միասնական լինել այս դժվար օրերին, անկեղծ ասած ինձ մոտ հակասական զգացողություններ են առաջանում։ Ես ինչպե՞ս կարող եմ համախմբվել հասարակության 5-10 տոկոս այն մարգինալ շերտի հետ, որոնց հետ չունեմ արժեհամակարգային որևէ ընդհանրություն։

Դա այն շերտն է, որը միշտ գոյատևել ու հարստացել է բանակը, պետությունը թալանելու, կոռուպցիոն գործունեության հետևանքով։ Ու ամենակարևորն այն է, որ չեն հաշտվում հետհեղափոխական իրականության հետ և ձգտում են ամեն գնով վերադարձնել հասարակության հաշվին ապրելու իրենց «իրավունքը»։

Նրանք այլ կերպ չեն կարող, նրանք սեփական աշխատանքով ոչինչ չեն ստեղծել ու ստեղծել չեն կարող, նրանք ստեղծված նոր իրավիճակում պարզապես անօգնական վիճակում են։ Նրանք երբեք չեն հաշտվելու հասարակության այն շերտի հետ, որը հեղափոխությամբ զրկել է իրենց, հասարակության հաշվին ապրուստ վաստակելու ու հարստանալու այդ իրավունքից։

Ու տարբեր քաղաքական, հայրենասիրական փաթեթավորումներով կատաղի պայքարում են։ Նրանց պայքարի ռեսուրսը նախկին թալանն է։ Ու անխնա ծախսում են այդ թալանը, նորից թալանի իրավունք ստանալու համար։ Նրանց երբեք չի հետաքրքրել ու չի հետաքրքրելու Հայրենիքը, նրա ապագան։ Ու եթե մի օր տեսնեմ, որ մեր ընտրած իշխանությունը «հաշտվել» ու միասնական է դառել այդ մարգինալ հատվածի հետ, եզրակացությունս միակը կլինի՝ — Ամեն ինչ վերադառնում է ի շրջանս յուր։

Իսկ ես անկեղծորեն հավատում եմ, որ Վարչապետը երբեք «հաշտության» ձեռք չի մեկնի հին արժեհամակարգը իրենց արյան մեջ կրողներին։ Ու դա կլինի Հայաստանի զարգացման ու հզորացման երաշխիքը։ Հին արժեքների վերադարձը Հայաստանի կործանման սկիզբը կլինի։ Ստույգ։

Արամ Առաքելյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий