Եթե մենք Ռ. Քոչարյանի կենսագրության բոլոր սև բծերն իրար կողքի շարենք, Մալևիչի «Սև քառակուսին» կողքին մի հատ պուճուր պուտիկ կամ խալ կթվա.

Երեկ քոչարյանական լրատվամիջոցները լայնածավալ հարձակում էին գործել գործարար Ռուբեն Վարդանյանի դեմ, քանի որ վերջինս քաղաքական ակտիվություն է ցուցաբերում և նույնիսկ հայտարարել է նախագահ կամ վարչապետ դառնալու մտադրության մասին:

Նրանցից մեկը մասնավորապես գրել է. «Ռուբեն Վարդանյանի ընկերությունը փողերի լվացմամբ է զբաղվել։ Սա սև բիծ է գործչի կյանքում և նման խնդրի առաջ կանգնած մարդը չի կարող հավակնել դառնալ երկրի ղեկավար, քանի որ նման և հնարավոր է այլ մութ պատմությունները իսկական նվեր են օտար երկրների հատուկ ծառայությունների համար ու լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանի Հանրապետությունը»:

«ՉԻ». Չգիտենք՝ ինչ հավակնություններ ունի Ռուբեն Վարդանյանը, մտքին ինչ կա, չկա, բայց մեր ուշադրությունը գրավեց երկու բան:

Առաջինը, որ քոչարյանական լրատվամիջոցները Ռուբեն Վարդանյանի անունը նշելիս անպայման շեշտում են՝ ռուսաստաբնակ: Սրանով ակնարկում են, որ Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանում է բնակվում, հետևաբար, Հայաստանի ղեկավարի ամբիցիաներն անիմաստ ու անհիմն են, քանի որ սահմանադրական նորմերին չհամապատասխանող պահեր կան: 

Միանգամից ասենք, որ այս հարցում որևէ խնդիր չի կարող առաջանալ: Եթե Ռուբեն Վարդանյանը ցանկանա Հայաստանում ակտիվ քաղաքականությամբ զբաղվել և նույնիսկ նախագահ, վարչապետ դառնալ, պրոբլեմ չի, էս մեր կողքի ԺԵԿ-ից մի հատ տեղեկանք կհանի, որ վերջին 50 տարին մշտապես բնակվել է Հայաստանում ու դրանով հարցը կփակվի: Էս հեչ: Մենք մարդ գիտենք, որ այդպես էլ արել էր, ու ոնց որ թե ստացվել էր:

Եվ երկրորդը, որ ասում են՝ Ռուբեն Վարդանյանի անցյալում սև բիծ կա: Քոչարյանականներն են ասում: Այ մարդ, որ մենք Ռ. Քոչարյանի կենսագրության բոլոր սև բծերն իրար կողքի շարենք, Մալևիչի «Սև քառակուսին» կողքին մի հատ պուճուր պուտիկ կամ խալ կթվա: 

Բայց հետաքրքիր է, բոլոր դեպքերում: Տեսնենք՝ Ռուբեն Վարդանյանը ինչ սև բծերով կպատասխանի:

Կարդացեք նաև

Оставьте комментарий