«Թե ինչպես մսխվեցին Քըրք Քըրքորյանի 100 միլիոն ԱՄՆ դոլարը, հայտնի է»․ Զոյա Թադևոսյանը՝ համահայկական հիմնադրամը վարկաբեկողների մասին․

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը երեկ հայտարարել է, որ «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված և 2020 թվականի ընթացքում  նվիրաբերված դրամական միջոցների ոչ նպատակային կիրառման մասին հավաստի որևէ ապացույց չի ստացել։ 

Պատերազմից հետո հատկապես քոչարայանամերձ որոշ շրջանակներ փորձում են վարկաբեկել Հայաստան համահայկական հիմնադրամի գործունեությունը և կասկածի տակ դնել դրա գործունեության թափանցիկությունը։ Սա չնայած հիմնադրամի և ֆինանսների նախարարության բազմաթիվ պարզաբանումներին։  

Հիշեցնենք, որ համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին, որի նպատակը Հայաստանում և Արցախում սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի աջակցությունն է: 

Հիմնադրամի գործունեության վերաբերյալ Civic.am-ը զրուցել է տնտեսագետ Զոյա Թադևոսյանի հետ։

«Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը Հոգաբարձուների խորհուրդն է, որի կազմում ընդգրկված են հասարակական լայն ճանաչում ունեցող անձինք: Իհարկե, վերջին հանգամանքը հիմք է տալիս վստահ լինելու, որ Հիմնադրամը ծառայել և ծառայելու է իր առաքելությանը, քանի որ դժվար է հավատալ, որ պետական, եկեղեցական, կուսակցական, հասարակական և բարեգործական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչները կարող են գալ հանցավոր համաձայնության և իրենց գործունեության ընթացքում շեղվել որդեգրած պարտավորություններից: Այնուհանդերձ, եթե գործունեության սկզբնական շրջանում հիմնադրամը վստահություն էր ներշնչում հանրությանը, ապա ժողովրդավարության տապալումից հետո մեր երկրում իշխանությունը բռնազավթողները երկու տասնամյակ շարունակ հիմնադրամի հեղինակությունը գցեցին այն աստիճան, որ դրամահավաքներին Սփյուռքի ակտիվ մասնակցությունն աստիճանաբար թուլացավ: Մենք՝ հայաստանցիներս, ևս չէինք վստահում հիմնադրամի գործունեությանը»,- ասաց Զոյա Թադևոսյանը:

Նա նշեց, որ իրենց կասկածները հաստատվեցին, երբ  հիմնադրամի նախկին նախագահը մեղադրվեց։ Այնուհետև նա հիշատակեց «Լինսի» հիմնադրամի գործունեությունը, ըստ որի՝ 1998 թվականին հայտնի ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացման ծրագիր իրականացնելու նպատակով տրամադրեց 100 միլիոն ԱՄՆ դոլար վարկ, իսկ թե ինչպես մսխվեցին այդ միջոցները, հայտնի է, հետաքննող լրագրողները դրան մանրամասն անդրադարձել են: 

«Համենայնդեպս, «ճանապարհաշինարարության» լայն  արշավ սկսվեց Հայաստանի և Երևանի վրա: Չակերտներում, քանի որ շինարարությունը վերացրեց տրամվայի և գնացքի գծերը: Մեկը կարևոր սոցիալական երակ էր, էկոլոգիական մաքուր տրանսպորտ, որը նաև քաղաքի պատմական անցյալի օգտակար վկան էր, մյուսը տնտեսական երակ էր, որի վերացումը ազդարարեց Երևանի արդյունաբերական կենտրոն լինելու ավարտի մասին: Իսկ թե ովքեր հարստացան այդ ավերածություններից, դժվար չէ գուշակելը: Բայց հիմա ես արդեն վստահում եմ համահայկական հիմնադրամին, շարունակելու եմ հնարավորությանս սահմաններում մնալ նրա նվիրատուն: Ինչո՞ւ եմ վստահում: Ձուկը գլխից է նեխում»,- ասաց Զոյա Թադևոսյանը: 

Խոսելով նաև այն մասին, որ որոշ շրջանակներ նպատակաուղղված վատաբանում հիմնադրամի գործունեությունը, Զոյա Թադևոսյանն ասաց, թե կան կեղտոտ տրեխներով մարդիկ, որոնք անգամ սրբություններն են ոտնահարում և բարոյական ոչ մի ցավ չեն զգում։ 

Վերջինս նաև նշեց, որ այդ շրջանակները քանի որ հանրային հեղինակություն չունեցող մարդիկ են և ավելի շատ վարկաբեկված, հասարակությունը պետք է հակառակ արձագանք տա դրան, քան թե ենթարկվի կեղտոտ մանիպուլյացիաներին։  

Լիլիթ Թադևոսյան

Կարդացեք նաև

Оставьте комментарий